
Տագնապ չունեմ․ Ախվերդյանը՝ Փարաքարի համայնքապետի պաշտոնը ստանձնելու մասին

«Իմ մտերիմ ընկերոջն եմ կորցրել, ոչ մի բանի մասին չեմ մտածում ու տագնապ էլ չունեմ»,- ասել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Օնիկ Ախվերդյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Անդրադառնալով մյուս խմբակցություններին՝ Ախվերդյանը նշել է, որ որևէ մեկի հետ խնդիր չունի։ Թե ինչու նրանք չմասնակցեցին ավագանու նիստին, Ախվերդյանը դժվարացել է պատասխանել, ենթադրել է, որ պարզապես չեն ցանկացել մասնակցել քվեարկությանը։
Դիտարկմանը, որ նախկինում լուրեր կային, թե ՔՊ-ն կարող է «Միասնություն» դաշինքի անդամներից որոշներին համոզել ու քաղաքապետին անվստահություն հայտնելով՝ իրենց թեկնածուն նշանակել, Օնիկ Ախվերդյանն այսպես է արձագանքել. «Մեր թիմակիցների վրա վստահ եմ, իրենք էլ, կարծում եմ, դժվար թե այդպիսի բանի գնան»։
Ինչպես հայտնել ենք, Փարաքար համայնքի ավագանին այսօր նիստ գումարեց և միաձայն համանքի ղեկավար ընտրեց «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանին։