
Դաշնակցությունը ամբողջ 2024-ի ընթացքում ստացել է 1 նվիրատվություն` բնամթերքով. Ալեքսանյան

Դաշնակցությունը ամբողջ 2024 թվականի ընթացքում, ըստ իրենց հայտարարագրի, ստացել է ընդամենը 1 նվիրատվություն՝ 1 մլն 936 հազար դրամի չափով, այն էլ՝ բնամթերքով: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Իրենց հայտարարագիրն է. ուրիշ նվիրատվություն չեն ստացել, անդամավճար չեն վճարել: Ակնհայտ է, որ ամբողջ ֆինանսավորումը ուրիշ կերպ է ընթանում, և կոնսպիրատիվ գործունեության համար կա կոնսպիրատիվ ֆինանսավորում: Դա ինձ համար գերակնհայտ ճշմարտություն է: Սեյրան Օհանյանն էլ ասում է՝ դուք «ադրբեջանցիների գանձերն» եք, բայց, պարոն Օհանյան, եթե մեզ եք գանձ ասում, ձեր դաշինքը Հեյդար Ալիևի համար ոչ թե գանձ է եղել, այլ մի ամբողջ գանձատուփ»,- նշեց Վահագն Ալեքսանյանը։
Նա հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը կառավարումը երբ ստանձնել է, ռազմական բյուջեի դիսբալանսը Ադրբեջանի հետ եղել է 11 մլն դոլար, իսկ նրա կառավարման վերջին՝ տարբերությունը 1 միլիարդ 600 մլն դոլար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Մամուլում ոչ ոք չի քննարկում, ոչ ոք Դաշնակցությանը կամ մյուս կուսակցություններին հարց չի տալիս՝ բա ձեր նվիրատուները մեկը կապույտ գլխարկո՞վ էր, մեկն էլ սպիտակ կոշիկնե՞ր էր հագել. ոչ ոք հարց չի տալիս, որովհետև չկան: Կուսակցությունը մենակ պետական բյուջեի հաշվի՞ն է ապրում, և պետք է մեխանիզմներ ունենալ, որ հասկանալ՝ ում են ներկայացնում այս մարդիկ, որովհետև կարող է պարզվի, որ դա կոնսպիրատիվ գործունեություն է լրիվ ուրիշ տեղերից, ուրիշ նպատակներով և ուրիշ ձևերով ֆինանսավորվող: Կարծում եմ, որ դա խնդիր է. առնվազն մենք պետք է մեր տեսադաշտում և մեր օրակարգում այդ հարցը ունենանք, որ կարողանանք պատասխան տալ, որովհետև ժողովուրդը մեզնից է պատասխան ակնկալում»:
Վահագն Ալեքսանյանն ավելացրեց. «Մարդիկ 72 անշարժ գույք են տնօրինում. ես չգիտեմ դա ինչքանո՛վ է ռեալ մենակ պետական ֆինանսավորմամբ 72 անշարժ գույք տնօրինելը: Այդքան ցույցերը ֆինանսավորել, որ իրենք են անցած տարի արել, այդքան շարժում ֆինանսավորել, որովհետև մենք էլ օդից չենք իջել. քաղաքականությամբ մենք էլ ենք զբաղվում, այդ պրոցեսներով մենք էլ ենք անցնում»: