
Չենք խթանում կրիպտոարժույթի կանխիկ շրջանառությունը. Մհեր Գրիգորյան

Որևէ մեկը, ՀՀ-ում մասնավորապես, դեմ չէ թվային ակտիվների գործի խթանմանը, զարգացմանը. թվային ակտիվներն ապագա են, և մի օր, ի վերջո, փողը դառնալու է թվային ակտիվ, դա է հեռանկարը: Մյուս կողմից՝ խնդիրն ավելի շատ այն է, թե որքանով է գույքի սեփականատերը նույնականացվում, կամ որքանով է դա հնարավոր իրականացնել: Այդ մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին՝ կապված կրիպտոարժույթների վաճառքի հետ:
Պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ-ն օրենք է ընդունել, որով կարգելվի կանխիկով կրիպտոարժույթի վաճառքը 2026 թվականի հունվարից, հետևաբար, այն հիմա կարելի է անել միայն անկանխիկ: Մյուս կողմից, ըստ պատգամավորի, այդ ոլորտի մասնագետներն ասում են, որ կա ԿԲ շրջաբերական, որը չի խրախուսում կրիպտոարժույթով զբաղվելն առևտրային բանկերի կողմից:
Փոխվարչապետը պարզաբանեց՝ իրականում թե՛ Կառավարության, թե՛ ԿԲ կարգավորումները բացարձակ չեն վերաբերում կրիպտոարժույթի կամ թվային արժույթի շրջանառությանը, ավելին, կա ցանկություն, որ Քաղաքացիական օրենսգիրքը լիարժեք ճանաչի կրիպտոարժույթը, կրիպտոակտիվը՝ որպես լիարժեք գույք, որը շրջանառվում է ՀՀ-ում: Միևնույն ժամանակ, կրիպտոակտիվների շրջանառության պարագայում հետագծելիությունը չի երևում, ինչը խնդիրներ է առաջացնում:
Փոխվարչապետն անդրադարձավ նաև կրիպտոարժույթների մասով ԱԺ-ի ընդունած նախագծին՝ խոսելով սրան առնչվող «վտանգի», այն է՝ ֆիսկալ համակարգին հասցված վնասի մասին. «Եթե գնումը տեղի է ունենում անկանխիկ, դա նշանակում է ֆիսկալ տիրույթում գոնե այդ առևտուրը ինչ-որ ձևով, գոնե վճարման փուլում արձանագրվում է և ինչ-որ չափով հետագծելի է դառնում: Երբ դա տեղի է ունենում կանխիկով, այլևս հնարավոր չէ իդենտիֆիկացնել գնողին կամ վաճառողին կամ որևէ կերպ տեսնել, թե, ի վերջո, դրամը ուր է գնացել: Սա է խնդիրը:
Բնականաբար, շատ զգույշ ենք լինելու և ամեն ինչ անելու ենք, որ մեր կարգավորումները որևէ կերպ, առավել ևս մայնինգին չխոչընդոտեն: Դա բացառվում է, որովհետև մենք ուզում ենք, որ մայնինգ լինի առավել ևս էներգետիկայի ավելցուկների պարագայում: Նաև մայնինգն ինքը շատ լավ գործիք է, որպեսզի մենք մեր էներգետիկ արտադրանքի սպառումը բալանսի բերենք: Բայց, այնուամենայնիվ, շրջանառության պարագայում, այո՛, մարտահրավեր է, մեր օրակարգում և ձեր օրակարգում այդ հարցը շարունակելու է մնալ, որովհետև չեմ կարծում, որ կոնսենսուս կունենաք, որպեսզի գույքի սեփականատերը մնա օֆշորային կամ անտեսանելի գոտում»:
Ամփոփելով խոսքը՝ փոխվարչապետը եզրակացրեց. «Կանխիկը որևէ մեկը չի արգելել, բայց մենք չենք խթանում կանխիկ շրջանառությունը, և կարծում եմ՝ հետևողականորեն պիտի ամեն ինչ անենք, որ չխթանենք, հակառակ դեպքում՝ ֆիսկալ համակարգը դառնում է շատ խոցելի»: