
Նախկինում վարժական հավաքներն իրականացվել են հիմնականում ձևական. պաշտպանության նախարար

Նախկինում վարժական հավաքներն իրականացվել են հիմնականում ձևական, իսկ այսօր իրականացվում են ըստ էության, ըստ բովանդակության, ըստ նշանակության: Այս մասին Ազգային ժողովի նիստին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը վարժական հավաքներին առնչվող նախագծի քննարկման ժամանակ:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցադրմանը, որն առնչվում է չգրանցված աշխատողներին վարժական հավաքների ներգրավելիս փոխհատուցում տրամադրելու հարցին, նախարարի տեղակալը պարզաբանել է. «Նույն այս ամբիոնից մենք ներկայացրել ենք օրենքի փաթեթներ, նախագծեր, որոնցով բարելավել ենք քաղաքացիների իրավունքները, որպեսզի մենք վարժական հավաքների ներկայացողներին որևէ կերպ նեղություն չպատճառենք՝ սկսած ֆինանսականից: Այս ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծ, որով մենք սահմանել ենք այդպիսի դրույթներ, որ եթե քաղաքացին մասնակցում է վարժական հավաքին, ապա, իր աշխատավարձից բացի, գործատուն տալիս է այնքան վարձատրություն, որպեսզի իր ստացած վարձատրությունը որևէ կերպ չնվազի:
Դուք ներկայացնում եք՝ ոչ գրանցված աշխատողները տուժում են: Կներեք, բայց ցանկալի է, որ գրանցվեն աշխատողները, որովհետև ի՞նչ է նշանակում «ոչ գրանցված աշխատող»: Ոչ գրանցված աշխատողը չի կարող բանակի մասին խոսել, որովհետև իր գրանցման արդյունքում ձևավորվելու է պետական բյուջե, որը ծախսվելու է նաև բանակի կարիքները հոգալու համար»:
Ընդդիմադիր պատգամավորի մեկ այլ դիտարկմանը, թե վարժական հավաքից հետո քաղաքացուց 2000 դրամ են պահել, Արման Սարգսյանը արձագանքեց. «Մենք ճշտել ենք, դա չի վերաբերել համազգեստին, այլ վերաբերել է այն իրերին, որոնք հատկացվում են: Իրականում, եթե զինծառայողն ստանում է ջրի շիշ, այլ հագուստներ, որոնք նախատեսված են ծառայության համար, և դրանք կորցնում է, բնականաբար, պետք է իրենից պահվեն դրանք, որովհետև անփույթ վերաբերմունք է գույքի հանդեպ, որն իրենն է»:
Նշենք, որ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է հստակեցնել վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված պատասխանատվության դրսևորման ձևերը: