
Ռուսաստանը ցանկանում է Մոլդովան վերածել Ուկրաինայի և ԵՄ-ի դեմ հենակետի. Սանդու

Ռուսաստանը ցանկանում է Մոլդովան վերածել Ուկրաինայի և ԵՄ-ի դեմ հենակետի: Այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն:
Մոլդովայում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Նախագահ Մայա Սանդուն արդեն քվեարկել է, հաղորդում է News Maker-ը։
«Ես քվեարկել եմ այնպիսի խորհրդարանի օգտին, որի հետ մենք կարող ենք շարունակել պահպանել խաղաղությունը, որը կհարգի Մոլդովայի Հանրապետությունը և նրա քաղաքացիներին, այնպիսի խորհրդարանի օգտին, որի հետ մենք կշարունակենք կառուցել եվրոպական Մոլդովա: Մոսկվան շատ մեծ խաղադրույքներ ունի, այդ իսկ պատճառով նա ռեսուրսներ է ներդնում Մոլդովայի ընտրություններում: Սա միայն մեզ չի վերաբերում, այլ Ուկրաինայի պատերազմին», - հայտարարել է Սանդուն։
Նրա խոսքով՝ Կրեմլը ձգտում է վերահսկողության տակ վերցնել իշխանությունը Քիշնևում՝ երկիրն օգտագործելու Ուկրաինայի և ԵՄ առանձին երկրների դեմ։
Նշենք, որ Մոլդովայում այսօր խորհրդարանական ընտրություններ են, որոնք անցկացվում են համամասնական ընտրակարգով։ Երկրում բացվել է ավելի քան 2200 ընտրական կենտրոն, իսկ արտերկրում՝ 301, մինչդեռ Ռուսաստանում կա միայն երկուսը, իսկ Մերձդնեստրում՝ ընդամենը 12-ը։