
Տեսախցիկներ են վերծանվել․ՆԳՆ-ն՝ Փարաքարում սպանության դեպքի մասին

Նոր մանրամասներ՝ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած զինված հարձակման վերաբերյալ, որի հետևանքով զոհվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և Քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։
Լրագրողների հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը նշել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ կրակոցներ են հնչել Մերձավան համայնքի Երևանյան խճուղում, անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության խմբեր։
«Պարզվել է, որ մահացել է 2 անձ՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և մեր գործընկեր, Արարատի մարզային վարչության քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Կա մեկ վիրավոր՝ Արծրուն Գալստյան, որը տեղափոխվել է բժշկական կենտրոն, վիրահատվել է, և այս պահի դրությամբ մեզ հասած տեղեկատվությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- մանրամասնել է Սարգսյանը։
Նա Սարգսյանը հերքել է շրջանառվող տեղեկությունները, որ վիրավորված անձը ևս ոստիկանության ծառայող է։
Սարգսյանը նաև ասել է, որ ոստիկանության ծառայողը, որը հարձակման հետևանքով մահացել է, ծառայության մեջ չի եղել, նա ուղղակի ընկերական հարաբերություններ է ունեցել համայնքի ղեկավարի հետ և պարզապես հարձակման պահին նրա հետ է եղել։
Հարցին, թե այս պահին ոստիկաններն ի՞նչ աշխատանքներ են կատարում, Նարեկ Սարգսյանը պատասխանել է. «Ահազանգը ստանալուց անմիջապես հետո ոստիկանական օպերատիվ խմբեր են ժամանել դեպքի վայր՝ Ներքին գործերի նախարարի գլխավորությամբ։ Այս պահին էլ Ներքին գործերի նախարարը գտնվում է Վաղարշապատի բաժնում և գլխավորում է աշխատանքները։ Ոստիկանական օպերատիվ խմբերն այս պահին իրականացնում են օպերատիվ հետախուզական և անհրաժեշտ բոլոր միջոցառումները դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»։
Նրա խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են հարյուրավոր ոստիկաններ։ «Մեր գործընկեր մյուս կառույցների հետ այս պահին ձեռնարկվում են համատեղ միջոցառումներ։ Այս պահին չեմ կարող մանրամասներ նշել՝ բացահայտման գործընթացը չխոչընդոտելու համար»,- ասել է Սարգսյանը։
ՆԳՆ մամուլի խոսնակը ևս մեկ անգամ շեշտել է, որ իրականացվում են ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումներ, տեսախցիկներ են վերծանվել, այս պահին ստուգվում են հանրապետությունից մուտքերն ու ելքերը, պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել մեքենաներ, տարբեր անձանց հետ զրույցներ են տարվում։
Անդրադառնալով զինված հարձակման մանրամասներին՝ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ դիմակավորված և ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է փողոցում կանգնած Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին և Արծրուն Գալստյանին և կրակահերթ է արձակել նրանց ուղղությամբ։
Խոսելով շրջանառվող խոսակցությունների մասին, թե այս հարձակումը վենդետա է Մերձավանում նախորդիվ տեղի ունեցած և հասարակական լայն արձագանքի արժանացած հանցագործության համար՝ ՆԳՆ մամուլի խոսնակն ընդգծել է, որ դեռևս վաղ է որևէ վարկածի մասին խոսելու համար՝ շեշտելով, որ քննարկվում են առաջ քաշված բոլոր վարկածները։«Որոշակի գործողություններ կան արված նախկինում այստեղ եղած հասարակական լայն արձագանք ստացած հանցագործության հետ կապված։ Դրա մասին, կարծում եմ, առիթ կլինի, մենք կզրուցենք։ Բայց վստահեցնում եմ, որ Ներքին գործերի նախարարության, ոստիկանության, իրավապահ մյուս կառույցների համար սկզբունքային է, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզվեն»։