
Իրավական գործընթաց կսկսվի. Անդրեասյանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման մասին

«Այս գործընթացում շատ որակումներ են հնչել, ես երբեք այդպես չեմ վարվել, բայց պետք է ասեմ, որ այդ որակումների առնչությամբ նաև իրավական գործընթաց ենք սկսելու, որովհետև մարդիկ պետք է պատասխան տան նրա համար, ինչ խոսում են, և պետք է պատասխան տան այն բոլոր անհեթեթ, իրականությանը չհամապատասխանող, մարդու արժանապատվությունն ու պատիվը ոտնահարող, թիրախավորող և շարունակաբար դա իրականացնող գործունեության համար»,- այս մասին, այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգման հետ կապված քննադատություններին։
«Առաջիկայում կլինեն համապատասխան հայցեր և արդյունքում կտեսնենք, թե այդ որակումներից որը և ինչքանով տեղի ունի»,- նշեց նախարարը։
«Ի՞նչ է տեղի ունենում Ցեղասպանության հուշահամալիրում ու թանգարանում. տեղի է ունենում շատ պարզ բան. ավելի քան 60 տարիների ընթացքում մենք այստեղ չենք ունեցել վերանորոգման գործընթաց, ունեցել ենք լրջագույն խնդիրներ՝ ջրահեռացման հետ կապված, որոնք եթե ժամանակին լուծված լինեին, երևի այսօր այդ խնդիրները չէնք ունենա։
Բացի դրանից, մենք ունեցել ենք իրավիճակ, երբ 2015-ին իրականացվել են աշխատանքներ, իրականացվել են հապճեպ՝ առանց հաշվի առնելու շատ խնդիրներ․․․ Մենք այսօր փորձում ենք մեր կարևորագույն հուշարձանը բերել պատշաճ տեսքի, որովհետև այդտեղ ամեն ապրիլի 24-ին բազմահազար մարդիկ են այցելում, և ո՞վ էր պատասխան տալու, եթե մույթերից որևէ սալ պոկվեր․․․ Հիմա դա արվում է օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերով»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։