Եզրույթների կանոնակարգման նպատակով մասնագիտական հանձնաժողով կձևավորվի

Լեզվի ոլորտում ունենք ավելի մեծածավալ և հայեցակարգային փոփոխությունների կարիք, և մեր նախարարությունը Լեզվի կոմիտեի հետ աշխատանք է իրականացրել լեզվական քաղաքականության հայեցակարգի մշակման ուղղությամբ, որն առաջիկայում կներկայացնենք հանրության քննարկմանը: Սակայն այս փաթեթով մենք փորձել ենք կարգավորել այն հարցերը, որոնք ունեն առաջնային անհրաժեշտություն: Խոսքը եզրույթների կանոնարգման գործընթացին է վերաբերում: Այս մասին Ազգային ժողովի այսօրվա նիստին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:


«Առաջարկում ենք լիազորող նորմ սահմանել՝ պետական փաստաթղթաշրջանառության մեջ կիրառվող, նաև մասնավորապես եզրույթների կանոնակարգման գործընթացի համար համապատասխան մասնագիտական հանձնաժողովի ձևավորման և այս գործընթացի կազմակերպման միջոցով: Սա ունի շատ պրակտիկ և կիրառական նշանակություն:


Հարկ ենք համարել առանձնացնել ամբողջական լեզվական քաղաքականության հայեցակարգը դրանից բխող օրենսդրական փոփոխությունների փաթեթից և ներկայացնել առանձին, որպեսզի կարողանանք ավելի արագ կարգավորումներ տալ կիրառական նշանակություն ունեցող հարցերին»,- ասել է նախարարը:


Պատգամավոր Գեղամ Նազարյանը լեզվին առնչվող այլ հարցից հետաքրքրվեց, այն է՝ պաշտոնական հանդիպումների ժամանակ հայերենը ոտնահարվում է: Նախարարն արձագանքել է՝ «Լեզվի մասին» օրենքը կարգավորում է նաև համաժամանակյա մոտեցմամբ այլ լեզվով խոսելը, և սա օրենքի շրջանակում է, բայց եթե կա որևէ դրսևորում, որն օրենսդրական կարգավորումներից դուրս է, նման հարցերով դիմում են նաև Լեզվի կոմիտե, և վարույթները քննվում են:

Քաղաքականություն