
Արդյոք հայ սահմանապահը ստուգելու է ադրբեջանցիների անձնագրերը․ Խամոյանը՝ Փաշինյանին

ՀՀ սահմաններին լինելու է 21–րդ դարին հարիր մաքսային սահմանային հսկողություն։ Այդ մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։
Պատգամավորը Փաշինյանից հետաքրքրվեց` ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում հայ սահմանապահը ստուգելո՞ւ է ադրբեջանցիների անձնագրերը, հայ մաքսավորը ստուգելո՞ւ է ադրբեջանցիների բեռը կամ եթե այդ ճանապարհի վրա ադրբեջանցիները որևէ հանցագործություն անեն, օրինակ` մեր պարեկները կարո՞ղ են միջամտել, թե ոչ։
Ի պատասխան Փաշինյանը ասաց․ «Չի կարող լինել սահման՝ առանց սահմանապահի։ Դա նույնն է, թե հարցնեք` այդ տարածքային ամբողջականությունը հողի՞ց է լինելու, ջրի՞ց, թե՞ ածխաթթու գազից. տարածքը տարածք է։ Սահմանը չնախատեսված տեղից անցնելը դա արդեն իսկ սահմանի խախտելիություն է»։
Վարչապետը նշեց, որ բազմաթիվ երկրներում նրանց սահմանապահները չեն ստուգում իրենց երկիր մտնող անձանց անձնագրերը, քանի որ դա ստուգում է սարքը։ Որպես օրինակ` նա բերեց ՀՀ–Ադրբեջան, ՀՀ–Վրաստան, ՀՀ–Թուրքիա, ՀՀ–Իրան սահմանները, օդանավակայանը, որտեղ թե՛ մեր, թե՛ օտարերկրյա քաղաքացիների համար պետք է այդ կարգավորումը մտցնել։