
Իսրայելի բանակը խորացնում է իր հարձակումը Գազա քաղաքում. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ բանակը «խորացնում է» իր հարձակումը Գազա քաղաքում և նրա շրջակայքում՝ ձգտելով ուժեղացնել ճնշումը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման վրա: Այս մասին հաղորդել է AFP-ն։
Իսրայելական ավիահարվածներն այս շաբաթ ավերել են Գազա քաղաքի երկու բարձրահարկ շենքեր, քանի որ զորքերն ակտիվացրել են իրենց գործողություններն այդ տարածքում՝ ձգտելով գրավել պաղեստինյան տարածքի խոշորագույն քաղաքային կենտրոնը։
«Մենք խորացնում ենք մանևրը Գազա քաղաքի ծայրամասերում և հենց Գազա քաղաքում»,- ասել է Նեթանյահուն նախարարներին կառավարության նիստի սկզբում՝ համաձայն իր գրասենյակի կողմից հրապարակված տեսանյութի։ Իսրայելը հրապարակայնորեն չի հայտարարել Գազա քաղաքը գրավելու խոշոր հարձակման սկսվելու մասին, որը Նեթանյահուի կաբինետը հաստատել էր անցյալ ամիս, սակայն զորքերն արդեն մի քանի շաբաթ ուժեղացնում են ռմբակոծություններն ու գործողություններն այդ տարածքում։
«Մենք ոչնչացնում ենք ահաբեկիչների ենթակառուցվածքները, մենք քանդում ենք բացահայտված ահաբեկչական աշտարակները»,- ասել է նա: