
Առաջարկվել է աշխատատեղերի քվոտա սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության համար

Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած օրենքի նախագծին, որով պատգամավորն առաջարկում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար զբաղվածության քվոտա:
Այսօրվա նիստում Բաթոյանն առաջարկել է 100 եւ ավելի աշխատող ունեցող պետական մարմինների եւ համայնքային հիմնարկների, պետական ոչ առեւտրային եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, ինչպես նաեւ այն կազմակերպությունների համար, որոնց կանոնադրական կապիտալում պետության մասնակցությունը կազմում է 50 եւ ավելի տոկոս, սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար զբաղվածության քվոտա` 4 տոկոսի չափով, իսկ ոչ պետական կազմակերպությունների համար՝ 2 տոկոս, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 եւ ավելի է:
Պատգամավորն առաջարկել է նաեւ հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղի զբաղեցված լինելու նվազագույն ժամկետը սահմանել 275 օրացուցային օր՝ գործող 183 օրացուցային օրվա փոխարեն: Բաթոյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը խթանելու նպատակով Եվրոպական միության անդամ երկրներից 21-ում գործում է քվոտայի համակարգ: Պատգամավորն ընդգծել է նաև, որ գործատուները թափուր աշխատատեղերի համալրման ընթացքում առավելությունը հաշմանդամություն ունեցող անձանց տան հավասար պայմանների դեպքում, այլ ոչ թե միայն հաշմանդամություն ունենալուց ելնելով: