
Երեխաների համար պետպատվերի գումար չկա․ «Ժողովուրդ»

Պետական համակարգում օրը մեկ օրենք գրող եւ հաստատող պաշտոնյաներից մեկը երեկ Ազգային ժողովում հաստատեց, որ թողարկված օրենքների հետեւողականությունը եւ դրանց մասին տեղեկատվության տիրապետումը զրոյական մակարդակում է։ Այս մասին է գրում «Ժողովուրդ» օրաթերթը։
«Երեկ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ««Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը։
Քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ծրագիրը ներկայացնող առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի՝ մարզային այցերի ժամանակ առնչված խնդրի վերաբերյալ հասարակ մի հարց տվեց. «Ունե՞նք արդյոք պետպատվերի խնդիր, թե՞ ոչ»։
«Պետպատվերի մասին ես որեւէ խնդրի մասին տեղյակ չեմ, պետպատվերը գործում է։ Եթե խնդիր կա, մեզ տեղեկացրեք։ Մենք չունենք խնդիր պետպատվերի իրականացման հետ կապված։ Ամեն դեպքում, ես տեղյակ չեմ»,- պատասխանում է Նանուշյանը։
Մանավազյանը, չցանկանալով փոխնախարարին վատ դրության մեջ դնել, փորձում էր չընդգծել նրա անտեղյակությունը եւ շրջանցում է հարցը, ինչը չընդունեց ՔՊ-ական Էդգար Հակոբյանը։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ազգականը փոխնախարարին սեփական օրինակով ներկայացրեց, թե ինչ խնդիրներ կան պետպատվերի տրամադրման վերաբերյալ։
«Տիկի՛ն Նանուշյան, ասացիք՝ տեղյակ չեք, խնդիր կա թե ոչ, բայց ես կարծում եմ՝ կա։
Իմ 5 տարեկան տղային մեկ ամիս առաջ վիրահատել էին արտերկրում։ Հետո հրատապ խնդիր կար կոտրվածքի հետ կապված, բժշկական միջամտություն էր պետք, բարդություն էր տվել։ Մի խոսքով՝ հիվանդանոցում ասել են՝ պետպատվեր չկա։ Ես հնարավորություն ունեի այդ վճարը կատարելու, արեցի, բայց կարծում եմ, որ խնդիր կա։ Սոցիալապես անապահով խավի մեր հայրենակիցները այդ դեպքում չգիտեմ՝ ինչ պետք է անեն։ Ինձ ասացին՝ պետք է հերթագրվեք, բայց բժիշկն ասաց, որ հրատապ է, անմիջապես է պետք միջամտություն իրականացնել, ու եթե հերթ պահեի, մոտ մեկ ամսից մեր հերթը կհասներ, ինչը, կարծում եմ, նորմալ չէ»,- եզրափակեց Հակոբյանը։
Փոխնախարարը փորձեց արդարանալ, որ հերթագրումը նորմալ երեւույթ է, որ սա միջազգային փորձ է, աշխատում ենք՝ վստահություն հայտնելով, որ համակարգում խնդիր չկա անհետաձգելի պետպատվերի տրամադրման առնչությամբ։
Հակոբյանը պնդեց՝ անձամբ ինքն է բժիշկների հետ խոսել, բժիշկն ասել է, որ անցած երկուշաբթի օրվանից էլ պետպատվեր չկա: Նա անգամ պատրաստակամություն հայտնեց, որ կարող է տալ բուժհաստատության եւ բժշկի համարը։
«Կարող է մի բան ձեզ սխալ են զեկուցում։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ այդ խնդրի հետեւից գնալ է պետք։ Եթե, օրինակ, անչափահաս երեխաները որեւէ բուժօգնության կարիք են ունենում, ստացվում է՝ եթե գումար չունեն, ոչ մի բան չպետք է արվի փաստացի»։
Փոխնախարարը կրկին արդարացավ՝ մեղքը բուժհաստատության վրա բարդելով կամ նշելով. «Ես հնարավոր է լիարժեք տեղեկացված չեմ, որովհետեւ այստեղ գալուց առաջ ես տեղեկացված չեմ եղել այդ հարցերից»:
Այնինչ հենց առնվազն այդտեղ գալուց առաջ պետք էր տեղեկանալ։ Իսկ անտեղյակ պաշտոնյաներին նորմալ երկրում հեռացնում են աշխատանքից անմիջապես:
«Պետպատվերով տրամադրվող գումարները ոչ թե վերջացել են, այլ «սահմանաչափը սպառվել է»։ Օրաթերթի հետ զրույցում ասել է Պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանը։
Սպառման պատճառն էլ, պարզվում է, դիմելիության քանակն է եղել. շատ են դիմել, եւ 8-րդ ամսում արդեն սպառվել են, օրինակ, անչափահասներին տրամադրվող պետպատվերները:
Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ երեխաների համար Կառավարությունը պետպատվեր չի տրամադրում, այն դեպքում, երբ կա հրատապության հարց։ Սա դեռ մի կողմ՝ անտեղյակ փոխնախարարը, փոխարենը սեփական ոլորտի խնդիրները ավելի լավ ուսումնասիրի, արդարանում է ուրիշներին մեղադրելով»,- գրում է օրաթերթը։