Դատավորների նկատմամբ հարուցված քրգործերի կծիկը բացվում է. «Ժողովուրդ»

Իրավապահների տեսադաշտում այս պահին հայտնվել են Վարչական դատարանի մի քանի դատավորներ, եւ չի բացառվում, որ առաջիկայում նոր բացահայտումներ, անգամ՝ ձերբակալություններ լինեն։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։


«Վարչական դատարանի դատավորների աշխատասենյակներում օգոստոսի 29-ին իրականացված խուզարկությունների դեպքով կան արդեն կալանավորվածներ։ Մասնավորապես կալանավորվել է երկու անձ, որոնցից մեկը փաստաբան Արմեն Օհանյանն է։


Նախաքննական մարմինը կալանավորել է միջնորդին եւ կաշառք ստացողի օժանդակողին։ Դատավորների վերաբերյալ քննչական գործողությունները դեռ շարունակվում են, իսկ գործը, մեր տեղեկություններով, հետաքրքիր զարգացումներ կունենա։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրավապահները խուզարկություններ են իրականացրել Վարչական դատարանի դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Մհեր Պետրոսյանի եւ Լուսինե Բոյաջյանի աշխատասենյակներում։


Ըստ օրաթերթի՝ Արգիշտի Ղազարյանը զբաղեցրել է Վարչական դատարանի նախագահի պաշտոնը, իր մոտ է կանչել նշված դատավորներին եւ հանձնարարել որոշ գործերով քայլեր իրականացնել։ Սակայն դատավորները չեն էլ կասկածել, որ այդ պահին Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակը ձայնագրվում է իրավապահների կողմից։


Իրավապահների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ դատավորները թաթախվել են հողերի սեփականության իրավունքի գրանցման կամ չեղարկման գործերում։


Փաստորեն, փոխարենը դատարանը իրականացնի արդարադատություն՝ որոշ դեպքերում գործել է կողմնակալությամբ»,- գրում է օրաթերթը։

Քաղաքականություն

Պատահարներ