
Ռուսաստանն արդեն առաջարկել է Հայաստանին «Թրամփի կամրջի» իր տարբերակը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Սյունիքով դեպի Նախիջևան երթուղի վարձակալելու ԱՄՆ-ի գաղափարը, հայտարարել է, որ դրանում ոչ մի նոր բան չկա:
«Ամերիկացիներն իրականում ոչ մի նոր բան չեն առաջարկել։ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ խմբի ընթացքում մենք 2023-ին գրեթե նույնն էինք առաջարկում և արդեն մոտ էինք տրանսպորտային զարկերակների ապաշրջափակմանը։ Ցավոք, Արևմուտքի և հայկական իշխանությունների ապակառուցողական ազդեցության պատճառով այն կանգ առավ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել ԱՄՆ-ի կողմից Հայաստանի տարածքը «Թրամփի կամուրջ» անվանումով տրանսպորտային միջանցքին հանձնելու գաղտնի հուշագրի մասին, որով նախատեսվում է նաև ամերիկյան մասնավոր ռազմական ընկերության ներկայությունը:
Նշենք՝ ՀՀ կառավարությունը հայտարարություն էր տարածել, որ նշված հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ։