
Փոփոխություններ քոլեջների լիցենզավորման կարգում․ մանրամասներ

Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին վերաբերող լիցենզավորման կարգի փոփոխությունների մասին նախագիծը։
Փոփոխությունների նպատակն է բարձրացնել ոլորտի արդյունավետությունը և ապահովել համապատասխանություն ժամանակակից պահանջներին։
«Մենք մի շարք կարևոր փոփոխություններ ենք կատարում քոլեջների լիցենզավորման գործընթացում։ Առաջին էական փոփոխությունն այն է, որ այսուհետ տարբերակում ենք լիցենզավորման ձևերը։ Մինչ այժմ գործած մոտեցումն այն էր, որ նույն լիցենզիան ընդգրկում էր թե՛ գործունեության թույլտվությունը, և թե՛ կոնկրետ որակավորման ծրագրի իրականացումը։ Այժմ արդեն լիցենզավորման կարգով սահմանվում են երկու տարբեր տեսակներ. մեկը վերաբերում է կրթական գործունեության թույլտվությանը, մյուսը՝ կոնկրետ որակավորման շնորհման կրթական ծրագրին»,- նշել է Անդրեասյանը::
Վերջինս նաև հավելել է, որ երկրորդ տիպի լիցենզիան կտրուկ բովանդակային պահանջներ կներառի․ կքննարկվի, օրինակ, արդյոք կա համապատասխան դասախոսական կազմ և անհրաժեշտ պայմաններ տվյալ որակավորմամբ կրթական ծրագիրը իրականացնելու համար։
«Նախատեսվում է նաև ճկունություն՝ հիմնական աշխատակազմի համամասնությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ այդ շեմը սահմանվում է 30 տոկոս, ինչը թույլ կտա քոլեջներին ներգրավել ոլորտում արդեն աշխատող պրակտիկ մասնագետների՝ փոխանցելու իրենց փորձը և հմտությունները։ Սա շատ կարևոր փոփոխություն է, քանի որ գործատուի մոտ աշխատող մասնագետը կկարողանա միաժամանակ ներգրավվել ուսուցման պրակտիկ բաղադրիչում»,- հավելել է նա:
Փոփոխություններով հստակեցվում են նաև այն նվազագույն պայմանները, որոնք պետք է ապահովված լինեն լիցենզավորման համար՝ ուսումնաարտադրական և լսարանային տարածքներից մինչև լաբորատոր բազաների համապատասխանություն։