Երևանի ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է
Հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն կատարած անձի ինքնությունը։ Նույն օրը՝ հաղորդումը ստանալուց ժամեր անց, Արմավիրի մարզի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է։
Նա տեղափոխվել է Ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք` «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում Մաշտոցի պողոտա-Պուշկինի խաչմերուկ հատվածում։ Երկու տղա ոչ պարկեշտ գործողություններ են կատարում ուղևոր կանանց նկատմամբ, վարորդը նկատել է, որ խոսակցություններ են ընթանում ավտոբուսում, հասկանալով խոսքը ինչի մասին է, ինչից են կին ուղևորները բողոքում, երթևեկությունը չշարունակելով մոտեցել է տղաներին և հորդորել է իջնել, ինչից հետո վարորդին հարվածել են, այլ ուղևորներ վարորդին և այդ կանանց պաշտպանելով, հորդորել են իջնել ավտոբուսից։ Վարորդը վերջնականապես իջեցրել է երկու տղաներին և շարունակել երթևեկությունը: