Կապանի օդանավակայանն ապագայում կարող է սպասարկել նաև միջազգային չվերթներ. օդանավակայանի տնօրեն

Հաշվի առնելով Կապանի աշխարհագրական դիրքը, տարածքի ռելիեֆը և հեռավորությունը Երևանից՝ «Սյունիք» օդանավակայանի գործունեությունը զգալիորեն հեշտացրել է կապը մարզկենտրոնի և մայրաքաղաքի միջև՝ ավելի դյուրին դարձնելով հաղորդակցությունը, ինչը լուրջ խթան է  տնտեսության և զբոսաշրջության զարգացման համար։Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Սյունիքի մարզի Կապան համայնքի «Սյունիք» օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը։


Նա հավաստիացրել է, որ Կապանի օդանավակայանի ղեկավարությունը պատշաճ ուշադրություն է դարձնում անվտանգային բաղադրիչին՝ հիշեցնելով, որ օդանավակայանի վերաշահագործման սկզբնական փուլում տեղի են ունեցել որոշակի միջադեպեր, երբ կառույցի հարևանությամբ գտնվող ադրբեջանական դիրքերից խոչընդոտել են աշխատանքը, սակայն ներկայումս միջադեպեր չեն գրանցվում և օդանավակայանի գործունեությունը խոչընդոտող որևէ հանգամանք չկա։ Թռիչքներն իրականացվում են բացառապես ՀՀ սուվերեն տարածքով, և թռիչքային անվտանգության ապահովման առումով որևէ պրոբլեմ չի առաջանում։


«Ներկայումս կա թռիչքների մեծ պահանջարկ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում շատ մարդիկ նույնիսկ չեն կարողացել տոմս ձեռք բերել, դրանք բավականին արագ սպառվում են։ Լրացուցիչ շարժակազմերի ներգրավման հարց ներկա պահին չունենք, որովհետև դա կախված է շատ հանգամանքներից, նախևառաջ ֆինանսական գործոնից։ Հաշվի առնելով, որ Կապան-Երևան չվերթը ամբողջությամբ սուբսիդավորվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի կողմից, հետևաբար որպես զուտ բիզնես նախագիծ գուցեև այդքան էլ շահավետ չէ, բայց որպես սոցիալական ծրագիր, միանգամայն տեղին է ու պահանջված։ Մենք բաց հաստատություն ենք և պատրաստ ենք համագործակցել շահագրգիռ բոլոր կողմերի հետ»,- ասել է օդանավակայանի տնօրենը։


Վարդանյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականի օգոստոսին մեկնարկեցին թռիչքները, սկզբում շաբաթական իրականացվում էր երկու չվերթ, ինքնաթիռը մեկնում էր կիսադատարկ, բայց հետո չվերթների քանակն ավելացավ, իսկ օդանավի բեռնվածությունը գերազանցեց 90 տոկոսը։ Տնօրենը վստահեցրեց, որ օդանավակայանն ունի զարգացման մեծ ներուժ և ապագայում նույնիսկ կարող է սպասարկել միջազգային չվերթներ։ Այսօր արդեն իսկ ուղևորահոսքի մեջ նկատվում է արտասահմանցի զբոսաշրջիկների տեսակարար աճ։


«Երբ իրականացնում էինք առաջին չվերթները, ուղևորների հիմնական մասը մեր գործընկերներն էին, ԶՊՄԿ-ի աշխատակիցները։ Սկզբնական շրջանում հնչում էին որոշակի կարծիքներ՝ կապված անվտանգության հետ, սակայն ես, իմ ընտանիքի անդամներն ու բարեկամներն անձնական օրինակով ցույց ենք տվել, որ խնդիր չկա և կարող ենք շատ հանգիստ իրականացնել չվերթները։ Պրոգրեսը հետևյալն է․ ժամանակի ընթացքում օդանավակայանի ծառայություններից օգտվեցին մեր քաղաքացիները, այնուհետև արտասահմանցի զբոսաշրջիկները, ովքեր վստահությամբ լցվեցին մեր գործունեության հանդեպ։ Հիմա երկուստեք կա մեծ պահանջարկ։ Ծրագրերը շատ են, եթե լինի համապատասխան ֆինանսավորում, զարգացումն ավելի կխթանվի։ Մենք արդեն հասել ենք այն կետին, որ կա ձևավորված պահանջարկ»,- մանրամասնել է Վարդանյանը։


«Սյունիք» օդանավակայանում չվերթներն իրականացվում են L-410UVP-E20 մակնիշի ինքնաթիռով, որը տեղավորում է 17 ուղևոր։ Տոմսի արժեքը 20 հազար դրամ է։ Շաբաթվա կտրվածքով իրականացվում է հինգ չվերթ։ Կանոնավոր չվերթներից բացի, կազմակերպվում են նաև չարտերային չվերթներ։ Տվյալ դեպում պատվիրատուները սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներ են՝ ֆիզիկական անձանցից մինչև բիզնես ոլորտի, տարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչներ։  


Ինքնաթիռը պարբերաբար ենթարկվում է պրոֆիլակտիկ զննման, քանի որ տեխնիկական պատշաճ սպասարկումն ու անվտանգության ապահովումը վեր են ամեն ինչից։ Պրոֆիլակտիկ զննման պատճառով երբեմն չվերթների միջև լինում են ժամանակային որոշակի դադարներ։ Գալիք տեխզննումը նախատեսված է սեպտեմբերին։ Օդանավակայանի աշխատակազմն այս պահին բաղկացած է 40 հոգուց, աշխատակիցների մեծ մասը տեղացիներ են, կան նաև որոշակի նեղ մասնագետներ Երևանից։

Քաղաքականություն