
ՆԳՆ` «ID» քարտերի տրամադրման ժամկետների մասին

Նույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։
2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է նույնականացման քարտի 131 104 դիմում, որից տպագրվել է 120 066 նույնականացման քարտ, տպագրության փուլում է 11 038 նույնականացման քարտ։ Հերթագրման համակարգում սպասում է 52 160 քաղաքացի, որից 40 645-ը՝ Երևանում:
2024 թվականին նույնականացման քարտ ստացել է 161 000 անձ։ Սա երկուսուկես անգամ շատ է 2023 թվականի ցուցանիշից․ ստացվում է, որ 2025 թվականի հունիսի դրությամբ ցուցանիշը գրեթե մոտենում է անցած տարվա սպասարկման ծավալներին։
«Նախաձեռնել ենք մի շարք լուծումներ, որոնք մեզ թույլ կտային թողունակությունը ավելի ընդլայնել նույնականացման քարտերի տպագրության և կարողանայինք ավելի մեծ ծավալ սպասարկել մեր քաղաքացիներին։ Այսօրվա կտրվածքով օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող ենք ունենալ, բայց այս թիվն արդեն իսկ ենթակա է լինելու կրկնապատկման, քանի որ ձեռք ենք բերել երկու նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա ավելի արագ տպագրություն իրականացնել նույնականացման քարտերի և բարձրացնել թողունակությունը»,-նշել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, այդ թվում՝ օրենքով սահմանված ժամկետների պահպանման համար Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներկայումս աշխատում է առանց հանգստի։ Կարող ենք արձանագրել, որ կուտակումների հետևանքով քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում է»,-նշված է հաղորդագրության մեջ։
ՄՔԾ անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչություն պետ Աննա Մակարյանի խոսքով՝ ծառայության տեխնիկական պատասխանատուները ուսումնասիրել են հերթագրումների օնլայն հարթակը և հայտնաբերել նույնականացման քարտի ստացման հերթագրում այն դեպքում, երբ տվյալ անձն արդեն իսկ ունի վավեր նույնականացման քարտ:
«Հորդորում ենք մեր քաղաքացիներին չեղարկել հերթագրումը, եթե չեն կորցրել վավեր նույնականացման քարտը։ Պետք է արձանագրել նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բոլոր ստորաբաժանումներում կան նույնականացման քարտեր, որոնք թողարկվել են, բայց շարունակում են մնալ ստորաբաժանումներում»,- նշում է Աննա Մակարյանը։
Եթե դեռ չունեք նույնականացման քարտ, ապա անհրաժեշտ է մուտք գործել migration.e-gov.am կայքի «Նույնականացման քարտի տրամադրում» բաժին, ընտրել ազատ օրն ու ժամը և մոտենալ սպասարկման։ Մարզերում իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով սպասարկում։ Կարող եք մոտենալ Երևանից դուրս գտնվող Ձեզ հարմար ցանկացած ՄՔԾ տարածքային ստորաբաժանում և տեղում հերթի տերմինալից կտրոն վերցնել, սպասել ու սպասարկվել։