
Ժամանակին չենք ունեցել բավական խելք. Արարատ Միրզոյան

Դուք ոչ ԼՂ խնդրի լուծման եք գնացել, ոչ այն հայտարարել եք անկախ պետություն, ոչ՝ Հայաստանի մաս, ոչ զիջել եք, ոչ չեք զիջել․․․ Ուղղակի անվերջ ձգել եք ստատուս քվոն՝ քաջ իմանալով, որ մի օր պայթելու է ժողովրդի գլխին: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին ի պատասխան։
Նա նշել է, որ երբ 2018թ. հեղափոխությունից հետո հայտարարում էին, որ նոր իշխանությունները եկել են՝ հողեր տալու, իրենք այնքան միամիտ էին, որ գլխի չէինք ընկնում՝ ինչի մասին էր խոսքը․ «Սա ասում եմ՝ ցույց տալու, որ լավ իմացել եք՝ սա մի օր պայթելու է»։
Միրզոյանը նաև նշել է. «Ցավոք, մենք և հայ ժողովուրդը, ես՝ անձնապես, չենք ունեցել բավարար խելք, քաղաքական հասունություն, քաղաքական միտք՝ ժամանակին ճիշտ կողմնորոշվելու, գլխի ընկնելու և ժամանակին գնալու զիջումների, գնալու լուծումների»։
Միրզոյանը նաև հայտնել է, թե խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը շոշափելի ձեռքբերում է. «Նույնիսկ չստորագրված վիճակում միայն փաստի հայտարարմամբ իսկ ՀՀ անվտանգության աստիճանի որոշակի բարձրացում է»։
Միրզոյանը նաև ասել է, թե լավ ավանդույթների համաձայն իր ու ՀՅԴ-ի միջև վեճ է սկսվում. «Ով ով, բայց դուք այս մասին չպետք է խոսեք։ Եւ ասեմ՝ ինչու. ներկայացնում եք մի քաղաքական ուժ, որը 1918-20թթ որքան հնարվոր էր վատ պայմանագրեր կնքեց հարձակվող թշնամու հետ»։ «Եկեք չկռվենք, դուք չունեք փաստարկ և խոսելու տեղ»,- ասաց Միրզոյանը։