Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակ

Այսօր Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։ Պատվո հյուպատոսը Կարմեն Ափունցն է:


ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ներկաներին ողջունել է հայերեն։ Նա նշել է, որ Գորիսը Ֆրանսիայի համար առանձնահատուկ քաղաք է. «Ֆրանսիացիների համար Գորիսը Սյունիքի խաչմերուկն է»։


Նշենք, որ այսօր Գորիսում մեկնարկել է նաև Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը։ Համաժողովին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան ժամանող հյուրերի թվում են քաղաքապետեր, մարզային պատվիրակություններ, խորհրդարանականներ՝ ներառյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերի նախագահներ Լորան Վոքիեն և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը: