
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվեց

Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, քիչ առաջ հրապարակեց Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատավճիռը՝ ճանաչելով ու հռչակելով Սանասարյանի անմեղությունը:
Սանասարյանը մեղադրվում էր Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Մասանավորապես, ըստ մեղադրանքի, Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Սանասարյանը բազմիցս հայտարարել էր, որ մեղադրանքը չի ընդունում:
Սանասարյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում էր ներկայացրել գնման մրցույթներում պարտված «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը։