Ինչ է առաջարկում Բագրատյանը խցանումների հարցը լուծելու համար
Երևանյան խցանումների հարցը լուծելու համար կարելի է նախարարությունները տեղաբաշխել տարբեր մարզերում՝ այդպիսով բեռնաթափելով մայրաքաղաքը և աշխուժացնելով մարզերի կյանքը։ Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին նման առաջարկ է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։
«Մինչև տարեվերջ կարելի է հատկապես երևանամերձ մարզերում տեղաբաշխել նախարարությունները»,- ասել է Բագրատյանը։
Նրա խոսքով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն, կարելի է Կոտայքում տեղակայել, Ֆինանսների նախարարությունը՝ Արագածոտնի մարզում, Պաշտպանության նախարարության՝ Սյունիքում, Շրջակա միջավայրի նախարարությունը՝ Գեղարքունիքում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Շիրակի մարզում, Էկոնոմիկայի նախարարությունը՝ Արմավիրի մարզում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` Տավուշի, Առողջապահության նախարարությունն էլ` Լոռու մարզում։
Ընդ որում՝ պատգամավորի առաջարկն է նախարարությունները ոչ թե մարզկենտրոններում, այլ տվյալ մարզի 2–րդ քաղաքում տեղակայել։
Բագրատյանի կարծիքով՝ մայրաքաղաքը բեռնաթափելու համար անհրաժեշտ է նաև բարձրագույն ուսումնական բոլոր հաստատությունները տեղափոխել Ակադեմիական քաղաք, անպայմանորեն Երևանից հանել նաև խոշոր առևտրի կենտրոնները։