Որքան կտուգանվի քաղաքացին, եթե հայտարարագիր չներկայացնի. մանրամասներ
Հայտարարագրում որևէ դեպքում որևէ եկամուտի համար չի պահանջվում նշել որևիցե ամսաթիվ, թե երբ է այն ստացվել։ Այդ մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
Նա պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին` եթե քաղաքացին չի հիշում նախորդ տարի ստացած փոխանցումը կամ նվիրատվությունը որ ամսի որ օրն է ստացել, այդ դեպքում նրա նկատմամբ կկիրառվի՞ վարչարարություն կամ կլինե՞ն օգնող մեխանիզմներ կամ պարզեցված ընթացակարգեր։
«Այսինքն, եթե մի տեսուչ գա ու քաղաքացուն ասի, ահաբեկի, որ դու դատվելու ես, եթե հայտարարագիր չես ներկայացրել կամ տվյալ ես բաց թողել, քաղաքացին պետք իմանա, որ ամենևին նման բան չկա։ Նման շահարկումները պետք է բացառենք»,– նշեց Բագրատյանը։
Պողոսյանն ընդգծեց, որ այս դեպքում շատ կարևոր է, թե ինչ եկամտի ստացման մասին է խոսքը` հարկվո՞ղ, թե չհարկվող։
«Բոլոր այն դեպքերում, երբ խոսքը չհարկվող եկամուտների մասին է, օրինակ` նվիրատվությունը, հիշո՞ւմ եք` ՊԵԿ–ը նույնիսկ շեմ սահմանեց մինչև 300 հազար դրամ չհարկվող եկամուտների չհայտարարագրման մասին, հստակ նշվեց, որ դրանից բարձր եկամուտները պետք է հայտարարագրվեն, սակայն դրանցից հարկեր կամ հակային պարտավորություններ չեն գոյանա»,– տեղեկացրեց փոխնախարարը։
Նա հայտարարեց, որ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ կառավարությունը շատ զգուշորեն և հոգատարությամբ է մոտենում վարչարարությանը։
«Այնպես չէ, մեկ սխալի համար մարդուն կանչելու են ու տուգանեն կամ հետապնդում սկսեն։ Առհասարակ, ամենակոպիտ խախտման համար` հայտարարագիր չներկայացնելու համար, առաջին անգամ` 30 օրվա ընթացքում չներկայացնելու դեպքում նախատեսված է նախազգուշացում։ Այդ ընթացքում ՊԵԿ–ը ձեռքերը ծալած չի նստելու, քաղաքացուն հարցնելու է` ինչո՞վ կարող է օգնել, կարո՞ղ է տեղեկատվության պակաս կա։ Այսինքն, 30 օրվա ընթացքում աշխատանք է տարվելու այդ մարդու հետ»,– վստահեցրեց Պողոսյանը։
Եթե, այնուամենայնիվ, քաղաքացին 30 օրվա ընթացքում չներկայացնի հայտարարագիր, ապա տուգանքը կլինի խորհրդանշական` 5000 դրամ։ Եթե այս ժամկետն էլ չարաշահի ևս 30 օրով, ապա տուգանքը կկրկնապատկվի` կազմելով 10 հազար դրամ։
«Մենք խոսում ենք կառավարություն–քաղաքացի փափուկ գործընկերային հարաբերությունների մասին։ Մեր նպատակը մարդկանց պատժելը կամ հետապնդելը չէ, այլ մարդկանց ճանաչելը ու նրանց մասին արժանահավատ, ամբողջական տեղեկատվություն ունենալը»,– ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը։
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 24-ին կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվակ...
Հայտարարագրման վերջնաժամկետը փոխվեց. որոշումն ընդունվեց
ԱԺ-ն 63 կողմ, 12 ձեռնպահ ձայնով ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն երկարաձգվում է համ...
Նախարարությունը Քասախի տրանսպորտի վերաբերյալ պարզաբանում է տարածել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Քասախի տրանսպորտի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։«Հ...
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Ապրիլի 23-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:«Աբովյան...