Tesla–ն Չինաստանում գործարկում է ավտոպիլոտը

Bloomberg-ի տեղեկություններով՝ ամերիկյան Tesla կորպորացիան առաջիկա օրերին Չինաստանում կգործարկի ավտոպիլոտ համակարգ։


Գործակալության աղբյուրների համաձայն՝ Tesla-ն «մոտ ժամանակներս» Չինաստանում կթողարկի Full Self-Driving (FSD) ամբողջական ինքնակառավարման նոր ծառայությունը։ Էլեկտրամոբիլների սեփականատերերը հնարավորություն կունենան հանրային ճանապարհներին օգտվել FSD-ից։ Թեև Tesla-ն իր ծառայությունն անվանում է ավտոպիլոտ, համակարգի աշխատանքի ընթացքում վարորդը պետք է ձեռքը պահի ղեկին և պատրաստ լինի ցանկացած պահի ստանձնել կառավարումը։


Ավտոպիլոտի ծառայության հասանելիության փաթեթն արժե 64 հազար յուան կամ մոտ 9 հազար դոլար։ Ընկերության աղբյուրի պնդմամբ՝ Tesla-ն արդեն պատրաստել է մարկետինգային նյութեր, որոնք մանրամասնում են, որ FSD-ն ունակ է ինքնուրույն շրջադարձեր կատարել, փոխել երթևեկության գոտին և արձագանքել լուսացույցների ազդանշաններին։


Նշվում է, որ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը վաղուց է ցանկացել Չինաստանում գործարկել ավտոպիլոտի ծառայությունը, որպեսզի իր էլեկտրական մեքենաներն ավելի գրավիչ դարձնի տեղական ավտոարդյունաբերության համեմատ։ Աղբյուրների հավաստմամբ՝ FSD համակարգի գործարկումից առաջ անհրաժեշտ է ստանալ Չինաստանի իշխանությունների հավանությունը։ Հավանաբար, Մասկի ընկերությունը նման թույլտվություն արդեն ստացել է։