
ՀԴԲ–ն, Պենտագոնը, Պետդեպը և այլ կառույցներ հրաժարվում են կատարել Իլոն Մասկի պահանջը

ԱՄՆ մի քանի գերատեսչությունների, այդ թվում՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ), Պենտագոնի, Պետդեպարտամենտի, Ազգային հետախուզության գրասենյակի և ներքին անվտանգության վարչության ղեկավարները, իրենց ենթականերին կարգադրել են չպատասխանել ԱՄՆ կառավարության արդյունավետության գրասենյակի (DOGE) խնդրանքին՝ զեկուցելու շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքի մասին: Այս մասին կիրակի հայտնել է New York Times-ը (NYT):
Ավելի վաղ DOGE-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել էր, որ ամերիկյան կառավարության աշխատակիցները նամակներ կստանան՝ պահանջով, որ զեկուցեն շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքի մասին, և որ չպատասխանելը կհամարվի աշխատանքից ազատում:
Պահանջին չենթարկվելու հրամանը կարելի է համարել առաջին լուրջ փորձարկումներից մեկը, թե մինչև որտեղ են տարածվում Մասկի լիազորությունները, ասվում է NYT-ում: Սա նաև վկայում է այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կուլիսներում աճում է դժգոհությունը գործարարի գործողությունների շուրջ դժգոհությունը, կարծում է հրատարակությունը։
Reuters-ի փոխանցմամբ՝ որոշ գերատեսչությունների պետական ծառայողները համապատասխան նամակներ են ստացել արդեն շաբաթ երեկոյան։ Նշվում է, որ «Ի՞նչ ես արել անցյալ շաբաթ» հարցադրումով նամակին ի պատասխան՝ պետական ծառայողները պետք է հինգ կետից բաղկացած հաշվետվություն ներկայացնեն իրենց կատարած աշխատանքի մասին մինչև երկուշաբթի։
Հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո Թրամփը Մասկին նշանակեց DOGE-ի ղեկավար: Այս կառույցը սկսել է ԱՄՆ բյուջեի ծախսերի մասշտաբային աուդիտը։ Ընդհանուր առմամբ Մասկը ակնկալում է կրճատել պետական ծախսերը 2 տրիլիոն դոլարով։