Ալեն Սիմոնյանը պատասխանել է Սամվել Շահրամանյանին
Իրենց ձեռնտու հատվածների վրա են կենտրոնանում, երեկ էլ մի չորս անգամ ասել եմ, որ շատերը կռվել են, իրենց կյանքն են զոհել։ Խոսքը նրանց մասին չէ, իսկ թե ո՞ւմ մասին է, բոլորը շատ լավ հասկացել են: Լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով՝ «զղջո՞ւմ եք ձեր երեկվա հայտարարության համար։ Սամվել Շահրամանյանը պահանջել է ներողություն խնդրել, ինչպե՞ս կարձագանքեք» հարցին։
«Նախ մինչև նամակ գրելը, թող Շահրամանյանը պատմի՝ ինչպե՞ս է իր ախրանիկներով կարողացել Արցախից դուրս գալ, իսկ իր գործընկերները՝ ոչ։ Եթե ինձ հետ հարց ունի, ապա ԱԺ-ում նամակների բաժին կա, կարող է դիմել, գուցե պատասխանեմ, այլ կերպ մեկնաբանելու կարիք չկա»,- նշել է Սիմոնյանը՝ հավելելով, որ իր խոսքն ընդհանրական բնույթ չի ունեցել և բոլոր ղարաբաղցիներին չի վերաբերվել, այլ նրանց, ովքեր ուզել են Ղարաբաղը դատարկել, «թողել, եկել են Հյուսիսյան պողոտայի իրենց տներ»։
Հիշեցնենք` Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից երեկ խորհրդարանի բարձր ամբիոնից և լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցված գնահատականները՝ կապված արցախցիների պայքարի, հայրենիքի պաշտպանության և Արցախի իշխանությունների գործողությունների հետ, որով փոթորկել է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի՝ առանց այն էլ չխաղաղվող հոգիները: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը: