Ազգին հանելու ենք ոտքի. ցույց` կառավարության դիմաց
Օրենք հանելուց առաջ հաշվի չեն առնում, թե ինչի մասին է խոսքը, ընդհանրապես տեղյակ չեն ոլորտից: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, կառավարության դիմաց ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց առեւտրականներից մի կին:
Նշենք, որ Նրանք բողոքում են, որ հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս, սակայն փաստաթղթաշրջանառություն ցույց տալու դեպքում հարկը 1,5 տոկոսից նվազում է 1 տոկոսի:
«Ասենք, ապրանք ենք առնում լոմի տակ, կամ ասենք, ուզում եմ ապրանքը լոմ դարձնեմ, ի՞նչ անեմ, այդ ձեռքբերման թուղթը որտեղից տանեմ, ցույց տամ իրեն, որ ես լոմում եմ այդ ապրանքը:
Պետք է ընդհանրապես ուսումնասիրվի կոնկրետ ոսկու առեւտրի ոլորտը: Մարդը եթե շոր է բերում արտերկրից, հստակ է, որ այդ շորն արժե 5000 դրամ, բայց ոսկին ես առնում եմ այսօր, օրինակի համար, 53 դոլարով, վաղը դառնում է 45 դոլար: Ի՞նչ անեմ, ես այդ որտեղից իրեն ցույց տամ այդ տարբերությունը:
Ընդհանրապես մենք բոլոր խնդիրներից պետք է խոսենք, օրինակ, տրանսպորտի թղթերը չորս օրում դառնում է թթված մայոնեզ, ինչի՞ համար: Ազգը պետք է ոտքի կանգնի՝ բոլոր խնդիրները լուծելու համար։
Մենք պահանջում ենք, որ մեզ հարցնելով իրենք որոշեն ինչ փոփոխություններ անեն օրենքներում, ոչ թե առանց մեզ հարցնելու: Եթե մեզ չլսեն, չենք աշխատելու, ազգին հանելու ենք ոտքի մեր սխալն ուղղելու համար»,-ասել է նա: