Ես հուսով եմ, որ Ավինյանը կստանա այդ SMS-ը․ Աբգարյան

Մենք 75 հազար ստորագրություն ենք հավաքել, որպեսզի տրանսպորտի սակագների մեջ ավելանա մի կետ, այն է՝ մեկ ուղևորության հնարավորություն 100 դրամով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը:


«Ըստ էության, հունվար ամսին դուք մոտավորապես այդ պատկերն եք տեսնելու, երբ նրանք հայտարարում են համ փաթեթը կլինի, համ 100 դրամը, մենք դա էլ առաջարկում ենք, որ լինի այդ 100 դրամի հնարավորությունը։


Մենք արդեն իսկ որպես հանրային ճնշում և որպես հանրային կարծիք բերել ենք ստորագրությունները: Դա ճնշման ձև է, ճնշման լծակ, բնականաբար նաև մեր առաջին նպատակներից էր հենց հանրության հետ, այդ 75 հազարի հետ շփվել»,-ասել է Աբգարյանը։


Նա ընդգծել է, որ տեսնելով նաև այս հետքայլը, որը տեղի ունեցավ հունվարին, կարծում է՝ «քաղաքապետարանը որոշակի հետևություններ կանի և կհասկանա, որ չի կարելի այդ նախագիծը տապալել»։


Պատասխանելով այն հարցին՝ Ավինյանը SMS կստանա՞ Նիկոլ Փաշինյանից, նա ասել է. «Ես հուսով եմ, որ կստանա այդ SMS-ը, որովհետև եթե չստանա, անկեղծ ասած, ավելի վատ ՔՊ-ի համար»: