Ուկրաինան պետք է ապահովի, որ մոբիլիզացիայի համար բավականաչափ մարդ մնա. ՆԱՏՕ–ի ղեկավար
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում երկօրյա հանդիպման ժամանակ քննարկել են, թե ինչպես հնարավորինս շատ զենք մատակարարել Ուկրաինային մինչև հնարավոր խաղաղ բանակցությունները, ինչպես նաև, ենթադրաբար բարձրացրել են Կիևի անվտանգության հնարավոր երաշխիքների հարցը, որոնք «չեն հրահրի Ռուսաստանին»: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։
«Քննարկումը ներառում էր Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տարբեր ձևեր, որոնք չեն հրահրի Ռուսաստանին», - պնդում է գործակալությունը։
Միևնույն ժամանակ, Բրյուսելում կայացած բրիֆինգի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ուղղակիորեն կոչ է արել «զենք մատակարել Ուկրաինային»՝ նրա «դիրքերն ամրացնելու համար, մինչև բանակցությունները սկսվեն»։ Նա կոչ է արել «ուղարկել այնքան զենք, որքան անհրաժեշտ է՝ հակադարձելու հակամարտության զարգացման ներկայիս միտումը», որտեղ ճակատը «անընդհատ շարժվում է դեպի արևմուտք, այլ ոչ թե արևելք», ինչպես կցանկանար Բրյուսելը: Ռյուտեն նաև կոչ է արել հանդիպման մասնակիցներին «ավելի շատ մտածել Ուկրաինային աջակցելու լավագույն միջոցների մասին» և «ավելի քիչ՝ խաղաղության տարբեր սցենարների մասին»:
Նա ամբողջությամբ անտեսել է Կիևի բոլոր կոչերը՝ հստակեցնելու ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր ժամկետները և խորհուրդ է տվել Ուկրաինայի ղեկավարությանը ապահովել, որ «Ուկրաինայում մոբիլիզացիայի համար բավականաչափ մարդ մնա»: Նույն թեզը Բրյուսելում հնչեցրել է ԱՄՆ պաշտոնաթող պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ կոչ անելով Ուկրաինային «դժվար որոշում կայացնել հետագա մոբիլիզացիայի վերաբերյալ»։
Այս պահին Կիևը կանգնած է զորակոչի տարիքի իջեցման անհրաժեշտության առաջ՝ ռազմաճակատ թարմ ուժեր ուղարկելու համար: