Ջո Բայդենը ներում է շնորհել որդուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է իր որդուն՝ Հանթերին ներում շնորհելու որոշման մասին։ ԱՄՆ նախագահի հայտարարությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։


Ներումը կտարածվի ինչպես Հանթեր Բայդենի հնարավոր դատապարտման, այնպես էլ նրա մեղավորության հնարավոր ընդունման վրա: Նախկինում ամերիկյան պետության ղեկավարը բազմիցս բացառել էր նման հնարավորությունը։


Բայդեն կրտսերին ներում է շնորհվել զենքի խախտման և հարկերից խուսափելու գործերով։ Առաջին գործով դատավճիռը սպասվում էր դեկտեմբերի 12-ին, երկրորդում՝ դեկտեմբերի 16-ին։


 Ջո Բայդենն ասել է, որ կատարել է իր խոստումը` չազդելու այս դեպքում ԱՄՆ արդարադատության նախարարության աշխատանքի վրա, ինչպես նաև հույս է հայտնել, որ ամերիկացիները «կհասկանան, թե ինչու է հայրը և նախագահը նման քայլի դիմել»։


Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ որդու դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։


Նա դրանք որակեց որպես իրեն «կոտրելու» փորձեր, ուստի պատճառ չուներ կարծելու, որ Բայդեն կրտսերի վրա հարձակումները կդադարեն:


 Ջո Բայդենը հավելել է, որ որդուն ներում շնորհելու որոշումը կայացրել է երկար կշռադատելուց հետո, և դա պայմանավորված է ոչ միայն ընտանեկան կապերով, այլև դատավարության անարդար լինելու համոզմունքով։


«Ես հավատում եմ արդարադատությանը, բայց կարծում եմ, որ քաղաքականությունը ներթափանցել է այս գործընթաց՝ հանգեցնելով արդարադատության սխալի», - ասել է ԱՄՆ նախագահը։

Քաղաքականություն