Ինչի դիմաց է Մակրոնը համաձայնել չկատարել Նեթանյահուին ձերբակալելու հրամանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել է չկատարել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ձերբակալելու միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) օրդերը՝ Լիբանանում հրադադարի մասին համաձայնագրում դերակատարության դիմաց: Այս մասին հայտնել է ֆրանսիական Le Point ամսագիրը՝ հղում անելով Ֆրանսիայի առաջնորդի շրջապատի աղբյուրին։


Պարբերականի տեղեկություններով՝ օրդերի տրամադրումից կարճ ժամանակ անց Ֆրանսիայի նախագահը զանգահարել է Նեթանյահուին եւ հայտարարել, որ Փարիզը պարտավոր է հարգել ՄՔԴ-ն եւ ամբողջությամբ համագործակցել նրա հետ: Միևնույն ժամանակ, Մակրոնն, ըստ ամսագրի զրուցակցի, հավելել է, որ ՄՔԴ-ի դրույթներն անձեռնմխելիության դեպքեր են նախատեսում դատարանի ձերբակալման օրդերներից:


Կողմերը քննարկել են Լիբանանում հրադադարի շուրջ ստեղծված իրավիճակը: Նրանք պայմանավորվել են, որ Փարիզը կարեւոր դեր կստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի կատարման դիտարկման կոմիտեում, որը կարգավորում է իրավիճակը Իսրայելի եւ Լիբանանի սահմանին: Նշվում է, որ հենց այդ հեռախոսազրույցի ընթացքում լուծվեցին վերջին տարաձայնությունները Ֆրանսիայի և Իսրայելի միջև։


«Նեթանյահուին անձեռնմխելիություն տրամադրելը գինն էր այն բանի համար, որ Ֆրանսիան դեր խաղա Լիբանանի վերաբերյալ համաձայնագրում», - ասել է պարբերականի իսրայելական աղբյուրը:


Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Նեթանյահուն չի ձերբակալվի Ֆրանսիայի տարածքում՝ չնայած ՄՔԴ-ի օրդերին: Հայտարարության մեջ ասվում է, որ ֆրանսիական իրավունքի համաձայն՝ Նեթանյահուն և մյուս նախարարներն անձեռնմխելիություն ունեն, ինչը հաշվի կառնվի նրանց ձերբակալելու և արտահանձնելու պահանջով՝ ՄՔԴ դիմելու դեպքում:


Նոյեմբերի 27-ի առավոտյան ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առաջին զինադադարի մասին համաձայնագիրը։ Կողմերի հավանությամբ կստեղծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կատարումը դիտարկող հանձնաժողով, որում կընդգրկվեն ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:


Նոյեմբերի 21-ին ՄՔԴ-ն հայտնել է, որ Նեթանյահուին և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդերներ է տվել ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք կատարվել են 2023 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ը Պաղեստինի տարածքում, այդ թվում՝ Գազայի հատվածում։

Քաղաքականություն