Պեդրո Զարոկյանն` իրեն մանդատից զրկելու մասին. «Հրապարակ»

Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մտադիր է ավագանու ընդդիմադիր` «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, սփյուռքահայ Պեդրո Զարոկյանին մանդատից զրկելու գործընթաց նախաձեռնել։ Հարցը ՔՊ-ի օրակարգում է։ Թե ինչ հիմքով են զրկելու Զարոկյանին մանդատից, այն դեպքում, երբ նա պարտաճանաչորեն ներկա է եղել քաղաքապետարանի նիստերին, դժվար է ասել, որովհետեւ մինչ այժմ մանդատից զրկել են միայն նիստերից բացակայությունների հիմքով: Մյուս կողմից` ՔՊ-ական իշխանության համար դժվար չէ հնարված հիմքերով եւ կասկածելի մեթոդներով ազատվել իրենց համար ոչ հաճո, սուր խոսքով հանդես եկող ընդդիմախոսներից։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:


Իսկ այս վերաբերմունքի պատճառն այն է, որ Երեւանի ավագանու վերջին նիստում թեժ վեճ ծավալվեց ավագանու ընդդիմադիր եւ իշխանական անդամների միջեւ։ Ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը հարց ուղղեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի չարաշահումների մասին՝ զուգահեռաբար քննադատելով Երեւանի դպրոցներում տիրող անմխիթար վիճակը։ Զարոկյանը նկատել էր, որ լուրեր են տարածվել, թե Տիգրան Ավինյանն անվտանգության աշխատակիցներ է ընդունել մի շենքում աշխատելու, որն արդեն իսկ ուներ անվտանգության ծառայություն։ «Անամոթներ, գոնե դպրոցների ճանապարհների փոսերը լցրեք»,- վրդովված ասաց նա՝ հայտարարելով, թե տպավորություն ունի, որ յուրացված գումարները ՔՊ-ում «իրար մեջ են բաժանում»։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը կոշտ արձագանքեց ու նկատողություն հայտարարեց Զարոկյանին։ Ավագանու ՔՊ-ական անդամներն էլ, Ավինյանի համար կենդանի վահան դառնալով, հարձակվեցին նրա վրա, եւ իրար հասցեին ինչ վիրավորանք ու լուտանք ասես՝ չհնչեց նիստում:


Պեդրո Զարոկյանը օրաթերթի հետ զրույցում իրեն մանդատից զրկելու մտադրության մասին երեկ ասաց՝ խոսքի ազատությունը ցանկանում են զսպել․ «Ուրիշ ի՞նչ հիմք կարող է լինել, բոլոր նիստերին եղել եմ, հանձնաժողովի նիստերին  եղել եմ, չգիտեմ՝ ինչ հիմքի վրա են ինձ ուզում հանել»։ Նա նշեց, որ ավագանու նիստից հետո իրեն ոչ ոք չի մոտեցել, իր հետ չեն խոսել․ «Եթե ինձ չզրկեն, ես նույնձեւ՝ սուր-սուր ելույթներ կունենամ, քանի որ խոսքի ազատությունը կա, ես այն օգտագործելու եմ, իրենց իրենց տեղն եմ դնելու, գող-ավազակներն էստեղից պետք է հեռանան, կա՛մ ես եմ հեռանալու, կա՛մ Ավինյանը, ես իմ խոսքի ազատությունը պետք է մինչեւ վերջ օգտագործեմ, ինքն իրավունք չունի քաղաքապետ աշխատի, թալանչին իրավունք չունի։ Փոխքաղաքապետ Փամբուխչյանի հայրը 4 միլիոն դոլարի վարկ է ստացել՝ թոշակառու մարդը, ու ասում է՝ «Սպայկա»-ն է հովանավորել։ «Սպայկան», ասում էին, Միշիկինն ա, հիմա Միշիկին հանել են, իրենք փայ դարձան «Սպայկայի» մեջ։ Փաստորեն, իրենք փայ են մտել Միշիկի հետ, ու Միշիկի ձայնը դուրս չի գալիս։ Մյուս թալանչիներին հանեցին, իրենք դարձան թալանչի»։


Ավագանու անդամն ասում է՝ չի վախենում ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին քննադատելուց, նշում է՝ մյուս երկրների փորձը գիտի, մեզ մոտ նորմալ չէ․ «Գող-ավազակների երկիրը նորմալ չի, թալանում են, կոռուպցիայի հիման վրա երկիր են կառուցում»։


Մանրամասները` սկզբնաղբյուրում:


Քաղաքականություն