Թե՞ կարծում եք՝ պետք է էլի երգենք, որ Ստամբուլը արյան ծով ենք սարքելու, մոռացեք․ Քոչարյան
Տարածաշրջանային բոլոր գերտերությունները պետք է միտված լինեն խաղաղության հասնելուն, Թուրքիան նույնպես անելիք ունի։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կարող է Թուրքիան նպաստել խաղաղության պայմանագրի կնքմանը։
Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտնել էր՝ Հայաստանը ցանկանում է, որ Թուրքիան օժանդակի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը:
«Ինչի՞ Թուրքիան էս տարածաշրջանում չկա՞, Ադրբեջանի ավագ ընկերը չի՞, չե՞ք զգացել դա։ 44–օրյա պատերազմո՞ւմ էլ չեք զգացել։ Թուրքիայի դերակատարման մասին բոլորդ էլ գիտեք։ Թե՞ կարծում եք՝ պետք է էլի երգենք, որ Ստամբուլը արյան ծով ենք սարքելու, մոռացեք, պետք է գնանք խաղաղության»,– ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ժամանակին ինքն էլ է դիմել Ամենայն հայոց կաթողիկոսին, որպեսզի վերջինս Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի միջոցով դիմի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ նա էլ իր հերթին Ադրբեջանում գտնվող գերիների հարցում աջակցի Հայաստանին։
«Ինչ արդյունք դա տվեց` չեմ կարող ասել։ Մենք արդյունք տեսել ենք այդ հարցում, բայց արդյոք դա՞ նպաստեց` չգիտեմ։ Կարծում եմ, որ բոլոր միջոցները պետք է կիրառել»,– հավելեց Քոչարյանը։