Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանում իշխանությունը յուրացնելու փորձին

Հայաստանի ներքին և արտաքին թշնամիները շարունակում են փնտրել իրենց երբեմնի իշխանությունը վերադարձնելու բազմաթիվ ճանապարհներ, այդ թվում՝ ահաբեկչական գործիքակազմից օգտվելու միջոցով: Այդ մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:


Հայտարարությունը նա հնչեցրեց՝ անդրադառնալով Հայաստանում իշխանությունը յուրացնելու փորձի կանխման մասին Քննչական կոմիտեի սեպտեմբերի 18-ի տարածած հաղորդագրությանը:


«Գործողությունը կանխվել է նախապատրաստական փուլում: Բարեփոխումների արդյունքում մեր կառույցները, լինելով բավականին հագեցված և պատրաստված, այսօր ի վիճակի են իրականացնել գործողություններ, որոնք կկանխեն ապագայում մեր երկրի դեմ իրականացվող ցանկացած նմանատիպ գործողություն: Իհարկե, սա բացառիկ օրինակ է, որով պետք է ուրախանանք, բայց չհանգստանանք, որովհետև ներքին և արտաքին թշնամիները, կարծես թե, ձեռք ձեռքի տված շարունակում են փնտրել կորցրած իշխանությունը վերադարձնելու բազմաթիվ ճանապարհներ՝ չխորշելով ահաբեկչական գործիքից օգտվելու հնարավորությունից»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:


ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորում ՝ ինժեներական այն մեծածավալ աշխատանքները, որոնք վերջին մեկուկես տարում   իրականացվել են Հայաստանի սահմաններին։ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող «Հայաստանի ազգային անվտանգությունը. ընթացիկ զարգացումներ» թեմայով պանելային քննարկմանը Անդրանիկ Քոչարյանը հավաստիացրեց, որ ամրաշինական աշխատանքների արդյունքում 2026 թվականին Հայաստանի սահմանների ամբողջ երկայնքը փաթաթված կլինի ամրոցներով, որոնցում զինվորները ավելի պաշտպանված կլինեն։


«Զինվորը վստահությամբ կմտնի մեր երկրի պաշտպանության խնդիրների լուծման գործողությունների մեջ՝ լինելով օդից պաշտպանված, դիմացից հակահարված տալու հնարավորությամբ և թիկունքից ևս պաշտպանված լինելով»,-ասաց Քոչարյանը։


Նրա բնութագրմամբ՝ կարճ ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ոլորտների զարգացմանն ուղղված ծախսերը  նախկին տարիների համեմատ աննկարագրելիորեն աճել են։