Մենք սկզբից թուղթ ենք ստեղծում, հետո բովանդակություն․ Փաշինյան

Այն նշաձողը, որ դուք նշել եք, այսօր շատ ցածր մակարդակի վրա է, որովհետեւ ձեր ղեկավարության առաջին իսկ օրվանից երկրի կառավարումն իրականացրել եք աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանային զարգացումների պայմաններում ռազմաքաղաքական ոչ համարժեք գնահատականներով եւ գերակայությունների սխալ որոշմամբ: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:


Նրա խոսքով՝ դրա արդյունքում Հայաստանը ներքաշվեց պատերազմի մեջ, գրանցվեց պարտություն, այժմ էլ Արցախը ամբողջությամբ հայաթափված է։


«Հարցս հետեւյալն է. ի՞նչ հիմնարար փաստաթղթերով են ամրագրվում ՀՀ առաջնահերթությունները, ինչ գործողություններ են իրականացվում մեր երկրի համար կարեւոր ռազմավարական փաստաթղթերը մշակելու եւ իրագործելու ուղղությամբ: Հատկապես անվտանգության ոլորտում»,-ասաց Օհանյանը:


Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դուք խոսեցիք մեղքն ուրիշների վրա բարդելու մասին: Իրականում, եթե նույնիսկ այն խոսույթը, որը կարող է այդպես մեկնաբանվել, այդ խոսույթի նպատակը ամենեւին էլ մեղքը որեւէ մեկի վրա բարդելը չի: Դա կարող է լինել հարակից էֆեկտ, բայց դրա առանցքային նպատակն է լուծել բոլորովին ուրիշ շատ կարեւոր մի հարց՝ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել, որն է դրա պատճառը, եւ որքանով մենք կարող էինք ազդել, ինչ գործիքներով, ինչ պարագայում եւ ինչ կարող ենք ստանալ դրա արդյունքում: Ի վերջո, մենք պե՞տք է հասկանանք, թե որտեղ է ճշմարտությունը, որտեղ այնքան էլ ճշմարտություն չէ:


Ինչ վերաբերում է ռազմավարական փաստաթղթերին, այդ ռազմավարական որոշումները կայացվում են ԱԽ-ում, այլ տեղերում: Բայց ես կուզեի ընդգծել փոփոխվող աշխարհում մեր քաղաքականությունների ճշգրտման տեղն ու հարթակը: Հանգամանքների բերումով ստացվել է այնտեղ, որ այդ տեղը դարձել է ՀՀ ԱԺ-ն, եւ իմ գնահատմամբ, ձեր նշած խնդիրները արտահայտվում են կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան զեկույցում»:


Սեյրան Օհանյանը նշեց, որ շատ կարեւոր է փոփոխվող աշխարհում ճիշտ որոշումներ ընդունելը, ճիշտ ռազմավարական փաստաթղթեր ձեւավորելը. «Կառավարության ծրագրում նշված են դրույթներ անվտանգության եւ Արցախի վերաբերյալ, որոնք չեն իրականացվել եւ չեն իրականացվում: Ոտքի վրա եւ ձեռի հետ չի ղեկավարվում երկիրը: Այդ փաստաթուղթը չի համապատասխանում իրականությանը»:


Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք սկզբից թուղթ ենք ստեղծում, հետո բովանդակություն: Դրա համար միշտ թղթերը հաճախ չեն հմապատասխանում: Դուք նշեցիք Անվտանգության խորհուրդը, այդտեղ տեղի են ունենում շատ լուրջ ռազմավարական հարցերի քննարկումներ, ռազմավարական որոշումներ, որոնք արձանագրվում են: Կան ինստիտուտներ, որոնք այդ ուղղությամբ աշխատում են: մենք աշխատում ենք ազգային անվտանգության ռազմավարության վրա, բայց կներեք, այդ ռազմավարության բովանդակությունը պետք է ձեւավորվի եւ նոր ինստիտուտների միջին օղակի աշխատողները դա դնեն թղթի վրա, ոչ թե հակառակը: Հիմա դա տեղի է ունենում շատ ինտենսիվ եւ ոչ հրապարակային»:

Պատահարներ