Իսրայելը զիջումների չի գնա Ֆիլադելֆիական միջանցքի հսկողության հարցում. Նեթանյահու
Իսրայելը պատրաստ է ճկունություն ցուցաբերել ՀԱՄԱՍ–ի հետ զինադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ գործարք կնքելու հարցում, սակայն մտադիր չէ լքել Ֆիլադելֆիական միջանցքը, չորեքշաբթի ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Մենք կոշտ ենք, երբ խոսքը վերաբերում է մեր կարմիր գծերին, ներառյալ Ֆիլադելֆիական միջանցքը: Ես ճկուն եմ, երբ պետք է ճկուն լինեմ, և ես կոշտ եմ, երբ պետք է կոշտ լինեմ», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ: Վարչապետի խոսքով՝ միայն նման դիրքորոշումը հնարավորություն կտա իսրայելական կողմի համար ընդունելի համաձայնագիր կնքել զինադադարի և իսրայելցի պատանդների ազատ արձակման վերաբերյալ։
Նեթանյահուն հայտնել է, որ միջանցքի նկատմամբ հսկողության պահպանումը թույլ կտա խանգարել ՀԱՄԱՍ–ին «ահաբեկել» ինչպես Իսրայելը, այնպես էլ Գազայի հատվածի ժողովրդին:
Միևնույն ժամանակ, Haaretz թերթը չորեքշաբթի, հղում տալով իսրայելական իշխող կոալիցիային, գրել էր, որ Նեթանյահուն իրականում դեռևս չի ցանկանում Գազայում ռազմական գործողության դադար, և օգտագործում է Ֆիլադելֆիական միջանցքը բանակցային գործընթացը չեղարկելու համար:
Նշենք, որ Ֆիլադելֆիական միջանցքը սահման է Գազայի և Եգիպտոսի միջև: ՑԱԽԱԼ–ի կողմից Ֆիլադելֆիական միջանցքի հսկողության մասին հարցը անկյունաքարային է Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ բանակցություններում: Ինչպես հաղորդվել է, բանակցություններում ներգրավված կողմերից մի քանիսը սկեպտիկ են արձագանքել համաձայնության շտապ կնքման հարցում Նեթանյահուի պահանջների պատճառով: Վերջինս պնդում է, որ իսրայելցի զինվորականները պետք է մնան Ֆիլադելֆիական միջանցքում:
«Բենյամին Նեթանյահուն մի քանի շաբաթ առաջ որոշել է, որ չի ցանկանում համաձայնություն կնքել, և երբ այն հնարավոր դարձավ, նա նեղսրտեց և արեց ամեն հնարավորը այն չեղարկելու համար»,– գրում է պարբերականը՝ մեջբերելով երկրի կառավարությանը մոտ գտնվող աղբյուրի խոսքերը: