Զախարովան Մեծ Բրիտանիային մեղադրում է Ռոստովի մարզում ԱԹՍ–ներով ուկրաինական հարձակմանը մասնակցելու մեջ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ օգոստոսի 3-ին Ռոստովի մարզում վառելիքի պահեստի վրա գրոհած ուկրաինական անօդաչու սարքերը հավաքվել են բրիտանական տարածքում։ Այս առնչությամբ գերատեսչությունը մշակում է արձագանքման պլան, մանրամասներ չեն հաղորդվում։


Ինչպես ասվում է նախարարության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներն ուսումնասիրելիս պարզվել է, որ դրանց թռիչքի կարգավորիչների նախնական կոնֆիգուրացիան իրականացվել է Անգլիայում՝ Սոլսբերի քաղաքի մոտ և Ուելսում՝ Նյուպորտ քաղաքի մոտակայքում։ 

«Մեր երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության վրա հարձակումներ նախապատրաստելու գործում Մեծ Բրիտանիայի իրական հովանավորությունն ու մասնակցությունը Լոնդոնի և նրա Կիևի խամաճիկների վրա է դնում շարունակվող արյունահեղության պատասխանատվության ողջ բեռը», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։


Զախարովան ասել է, որ գերատեսչությունն ընտրում է պատասխան գործողությունների ալգորիթմ և հիշեցրել է, որ մայիսի 6-ին Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես զգուշացրել է Մեծ Բրիտանիային. «Բրիտանական ցանկացած ռազմական օբյեկտ և տեխնիկա Ուկրաինայի տարածքում և դրանից դուրս կարող է պատասխան դառնալ Զելենսկու ռեժիմի  հարվածներին, որն օգտագործում է բրիտանական զենք մեր երկրի տարածքում».


Նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը հավաքվել է Կիևի մարզի Վիշգորոդ շրջանում և գործարկվել Սլավյանսկի մերձակայքում՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից օկուպացված ԴԺՀ-ի տարածքում։ Օգոստոսի 3-ին Ռոստովի մարզի Կամենսկի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սավինը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով հրդեհ է բռնկվել թիվ 7 բազայի տարածքում գտնվող վառելիքի պահեստում։ 

Քաղաքականություն