Թրամփը նոր սկանդալի կենտրոնում է
ԱՄՆ Փոխնախագահ և նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը շաբաթ օրն անդրադարձել է իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի և Արլինգթոնի ազգային գերեզմանատան պաշտոնյայի միջև բախմանը՝ հայտարարելով, որ Թրամփը «անհարգալից վերաբեմունք է ցուցաբերել սուրբ հողի նկատմամբ և այս ամենը հանուն քաղաքական հնարքի», հաղորդում է USA Today-ը։
Երկուշաբթի օրը ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը մեծ ուշադրության է արժանացել վերջին օրերին։
Թրամփը քանիցս անդրադարձել է սրան հինգշաբթի և ուրբաթ օրերի իր նախընտրական միջոցառումների ժամանակ՝ արդարացնելով իր գործողությունները։
«Նրանք ինձ ասում են, որ ես օգտագործել եմ նրանց գերեզմանները փիարի համար, բայց ես դա չեմ արել», - ասել է Թրամփը Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքում:
ԱՄՆ նախկին նախագահն այցելել էր Արլինգթոն՝ մասնակցելու Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամանակ զոհված 13 զինվորներին նվիրված պատվո արարողությանը։ Գերեզմանատան աշխատակիցը փորձել է արգելել այդտեղ քաղաքական քարոզարշավի անցկացումը, իսկ Թրամփի նախընտրական շտաբի աշխատակիցները «բռնությամբ հետ են հրել նրան», ասվում է բանակի հայտարարության մեջ: Գերեզմանատան աշխատակիցը դիմել է ոստիկանություն, սակայն, ի վերջո, որոշել է մեղադրանք չառաջադրել:
ԱՄՆ բանակը հայտարարել է, որ նրանք, ովքեր մասնակցել են երկուշաբթի օրը ծաղկեպսակ դնելու արարողությանը և այցելել 60-րդ տեղամասը, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի վերջին զոհերի գերեզմանները, իրազեկված են եղել դաշնային օրենքի, բանակի կանոնակարգերի և պաշտպանության նախարարության քաղաքականության մասին, որոնք «հստակ արգելում են քաղաքական գործունեությունը գերեզմանատան տարածքում»։
Թրամփի նախընտրական թիմն այստեղ լուսանկարել և նկարահանել է։
«Սա հանդիսավոր վայր է։ Վայր, որտեղ մենք հավաքվում ենք՝ հարգելու ամերիկացի հերոսներին, որոնք գերագույն զոհաբերությունն են արել՝ ծառայելով այս ազգին,- ասել է Հարիսը գերեզմանատան մասին:- «Սա քաղաքականության տեղ չէ»։
Թրամփն, իր հերթին, հերքել է, որ գերեզմանատուն այցելելու նպատակը իր վերընտրության քարոզարշավի վրա ուշադրություն հրավիրելն է եղել՝ ասելով, որ իրեն հրավիրել էին զոհված զինծառայողների ընտանիքները և ինքը «պարտավոր էր զգում իրականացնել այս միջոցառումը՝ չնայած ժամանակացանկի դժվարություններին»: