Արևմտյան Նեղոսի տենդի հավանական աղբյուր նշվում են թռչունները, փոխանցողն է` Culex pipiens մոծակը
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրում է․ «Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք: Հոսպիտալացվել է 41 քաղաքացի, նրանց վիճակը հիմնականում միջին ծանրության է, իսկ չորս բուժառուի մոտ հիվանդությունն ավելի ծանր է ընթանում։ Հիվանդությունից արդեն իսկ գրանցվել է 1 մահ` 1938 թվականին ծնված տղամարդ, որն, ըստ աղբյուրի, ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:
Վարակի հավանական աղբյուր նշվում են թռչունները: Փոխանցողն է` Culex pipiens մոծակը, նշվում է, որ վիրուսը փոխանցողի օրգանիզմում փոխանցվում է սերնդե սերունդ:
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար 2-6 օր է, որոշ դեպքերում կարող է տևել մինչև 14 օր: Առաջին կլինիկական նշաններն են` գլխացավ, մկանացավ, ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում: Տարեցները և իմունային ընկճվածությամբ անձինք ունեն վարակի նեյրոդեգեներատիվ ձևի զարգացման ավելի մեծ ռիսկ: Հիվանդությունից հետո հիմնականում զարգանում է կայուն, երկարատև հետվարակային անընկալություն:
Նշենք, որ Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում շարունակվում են գրանցվել մարդկանց և կենդանիների մոտ Արևմտյան Նեղոսի տենդի արձանագրման նոր դեպքեր: Այսպիսով, 2024 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ Գերմանիայում գրանցվել է ձիերի մոտ Արևմտյան Նեղոսի տենդի 4 օջախ։ Երեք օջախ հայտնաբերվել է Բրանդենբուրգում, ևս մեկ օջախ հայտնաբերվել է Սաքսոնիայում։ ԱՄՆ-ում Արևմտյան Նեղոսի տենդի 2024 թվականի առաջին դեպքը գրանցվել է Միչիգանում:
Մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման առանցքային գործիքը փոխանցողի վերահսկումն է:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք կարող եք իրականացնել ձեր տանը և շրջակայքում` մոծակների կուտակման հնարավոր վայրերը չեզոքացնելու համար:
-Պարբերաբար չորացրեք ջուրը և սրբեք ծաղկամանների տակամանները
-Փակեք ջրի տարաները ամուր և հերմետիկ կափարիչներով
-Մշտապես հետևեք, որ սառնարանների, օդորակիչների, ջրի հովացուցիչների տակ գտնվող տակամանները լինեն մաքուր և չոր
-Շրջեք կամ ծածկեք այն իրերը, որոնք կարող են ջուր կուտակել, ինչպիսիք են` տակառներն ու խորը տարաները
-Ծածկեք ջրի բաքերի արտահոսքի խողովակները, բայց թույլ տվեք, որ ջուրը դուրս հոսի
Համոզվեք, որ հեղուկ պարունակող պլաստիկ կամ ցանկացած այլ նյութից պատրաստված դեն նետված տարաները պատշաճ կերպով հեռացվում են»: