Հրազդանի կիրճում ստեղծված հակասանիտարական վիճակի հետ կապված իրականացվել է նմուշառում. ինչ է հայտնի

ԹԱՐՄԱՑՎԱԾ. Երեկ Երևանի Հրազդանի կիրճում վթարվել էր հսկայական կոյուղատար խողովակը։ Ամբողջ կեղտաջուրը հոսում էր հարակից փողոցով, տեսանյութեր են հրապարակվել:  Auroranews-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ընկերութան հետ, հասկանալու ինչ իրավիճակ է այս պահին: Նշեցին, որ երեկ խողովակի ջուրն ու կեղտաջուրն ամբողջությամբ դատարկվել է, որպեսզի այսօր արդեն մասնագետները կարողանան խողովակի վնասված հատվածի վերականգնում իրականացնել:  Քանի որ վթարը դժվարամատչելի տեղում է և տեխնիկայի կիրառում հնարավոր չէ, աշխատանքները կկատարվեն ձեռքով: Վթարի հնարավոր պաճառների մասին դժվարացան պարզաբանում ներկայացնել:


Տարածքում ստեղծված հակասանիտարական վիճակի վերացման հետ կապված Առողջապահության նախարարությունից Auroranews-ին ասացին, որ ՀՎԿԱԿ-ը «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն, իրականացրել է նմուշառում: Պատասխանները լինելուն պես կներկայացվեն: Ըստ նախնական տվյալների, հետազոտությունները կտեւեն մոտ 3 օր:


Մեզ առավել հետաքրքում է սանիտարական վիճակը, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե նման քանակի կեղտաջրերի արտահոսքը ինչի կարող է բերել: Ամառ է, շոգ, բոլորը գնում են դեպի ջրային հատվածներ: Այստեղ աշխատանքներ ունեն իրականցնելու Երևանի քաղաքապետարանն, Առողջապահության տեսչական մարմինը և Շրջակա միջավայրի նախարարությունը՝ մասնավորապես հարակից գետում ժամանակավոր լողալու, ձուկ բռնելու արգելք սահմանելու հարցում: Մինչ այս պահը գերատեսչություններից չունենք հստակ պատասխան: Իսկ այ սլաքները մեկը մյուսին ուղղելու նուրբ արվեստը շարունակում է գործել: Արդյունքում տուժում է քաղաքացին:


Խնդրանք մեր բոլոր համաքաղաքացիներին, մինչեւ նշյալ գերատեսչությունները որոշում կկայացնեն, գոնե դուք անհատապես մտածեք ձեր առողջության մասին եւ մի քանի օր ձեռնպահ մնացեք Հրազդանի կիրճ այցելություններից:

Քաղաքականություն

Պատահարներ