Այսքանը կասեմ և կլռեմ, որ հանգիստ քնեք. Վալերի Օսիպյանը պատասխանել է Վլադիմիր Գասպարյանին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խիստ անընդունելի է համարում իր նախկին ղեկավար Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հայտարարություններն իր մասին։ Այդ մասին նա ասել է Irakanum.am–ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր իր դեմ հարուցված դատական գործի քննության ավարտից հետո ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Վալերի օսիպյանը դավաճան է ու անգամ դավաճանել է Նիկոլ Փաշինյանին։
Վալերի Օսիպյանը Գասպարյանի հայտարարությունները տղամարդուն ոչ վայել բամբասանք է որակում։
«Ես մշտապես հարգել եմ Վլադիմիր Գասպարյանին և շնորհակալ եմ եղել իրեն, բայց ինձ համար խիստ անընդունելի է այն ամենն ինչ այսօր հնչել է նրա կողմից։ Ես չէի ուզենա խոսել, և առհասարակ Վլադիմիր Գասպարյանի ասածներին, կոպիտ ասած, բանի տեղ չէի դնում։ Անցած տարի էլ ինքը իր փաստաբանի միջոցով էր խոսել։ Ինչ վերաբերում է դավաճանությանը, ապա, պարոն Գասպարյա՛ն, ինքներդ ձեզ նայեք ու ձեր շրջապատին։ Ուղղակի լռել եմ այսքան ժամանակ, երբ իմ պաշտոնավարման ժամանակ անընդհատ խանգարել եք, հնարավոր բոլոր եղանակներով` ձեր ընկերներին էլ ասելով, թե իբր շուտով հետ եք վերադառնալու համակարգ»,– ասել է Օսպիյանը։
Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե Օսիպյանը դավաճանել է` սկսած «Սասնա ծռերից», ապա նա Գասպարյանին խորհուրդ տվեց թարմացնել հիշողությունը` դիմելով ԱԱԾ–ին. գուցե տրամադրեն այդ օրերից որոշ ձայնագրություններ։
«Ես սկզբունքային մնացի մինչև վերջ, հավատարիմ իմ ուսադիրներին և առաքելությանը, որպես սպա, մարդ ու ընկեր, որովհետև այդտեղ զոհվել են իմ ընկերն ու գործընկերները»,– վստահեցրել է Օսիպյանը։
Այնուհետև նա անդրադարձել է 2018 թվականի իրադարձություններին ու իր մասնակցությանը դրան` նշելով, որ ինքն է դիմել Գասպարյանին` հորդորելով մի բան ձեռնարկել, սակայն ստացել է պատասխան, որ հանգիստ եղեք, ամեն ինչ «կոնտրոլի տակ» է։ «Սա դավաճանություն չէ՞։ Այսքանը կասեմ ու կշարունակեմ լռել, որ պարոն Գասպարյան, Դուք հանգիստ քնեք»,– եզրափակել է Օսիպյանը։