Ինչ է հայտնի Իրանի նորընտիր նախագահի մասին. ով է Մասուդ Պեզեշիկիանը

Մասուդ Պեզեշկիանը 69 տարեկան է։ Ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Մեհաբադում (Իրանի հյուսիս-արևմուտք, Արևմտյան Ադրբեջան նահանգ) և մեծացել է ադրբեջանցի հոր և քուրդ մոր ընտանիքում։


Associated Press-ը գրում է, որ Իրանի ընտրված նախագահը խոսում է ադրբեջաներեն և երկար ժամանակ զբաղվել է Իրանի ազգային փոքրամասնությունների հարցերով։


Իրան-իրաքյան պատերազմի տարիներին (1980-1988 թթ.) ծառայել է որպես ռազմական բժիշկ։ Հետագայում դարձել է սրտային վիրաբույժ, իսկ 1994 թվականին ղեկավարել է Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանը։

Քաղաքականություն է մտել 2000-ականների սկզբին՝ որպես երկրի առողջապահության փոխնախարար։ Նախագահ Մոհամմադ Խաթամի իղեկավարության տարիներին եղել է Իրանի առողջապահության նախարարը:

Քաղաքական վերլուծաբանները հաճախ նրան բնութագրել են որպես ավելի շատ անկախ քաղաքական գործչի: 2008 թվականից ի վեր Պեզեշկիանը Իրանի խորհրդարանի պատգամավոր է եղել։ 2016-2020 թվականներին՝ առաջին փոխխոսնակ։


2013 թվականին Պեզեշկիանը գրանցվել է որպես նախագահի թեկնածու, սակայն հետո հանել է թեկնածությունը: 2021 թվականին իշխանություններն արգելել են նրան և այլ հայտնի թեկնածուներին մասնակցել ընտրություններին, ինչը օգնել է Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիին հեշտությամբ հաղթել, հիշեցնում է AP-ն։

Իրանում բարեփոխիչ քաղաքական գործչի դերի երկակիությունը

CNN-ը գրում է, որ Պեզեշկիանը փառքի ալիք է ձեռք բերել՝ ելույթ ունենալով Մահսա Ամինիի մահվան հետ կապված բռնությունների դեմ։ Աղջիկը մահացել է 2022 թվականին այն բանից հետո, երբ նրան ձերբակալել էին կանացի հագուստ կրելը սահմանափակող օրենքը խախտելու համար։ Ամինիի մահը ամիսներ շարունակ բողոքի ցույցեր էր առաջացրել ողջ Իրանում: ՄԱԿ-ի տվյալներով՝ հարյուրավոր մարդիկ սպանվել են, հազարավոր մարդիկ ձերբակալվել են, երբ իշխանությունները փորձել են ճնշել բողոքի ցույցերը:


2022 թվականի բողոքի ցույցերի ժամանակ Պեզեշկիանը իրանական IRINN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ տեղի ունեցածը «մեր մեղքն է մենք ուզում ենք կրոնական հավատքը ուժի միջոցով ներմուծել: Սա գիտականորեն անհնար է», - ասել է նա այն ժամանակ:


Պեզեշկիանը նաև ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունում «անընդունելի է աղջկան ձերբակալել հիջաբ կրելու համար, իսկ հետո նրա դիակը ընտանիքին հանձնելը»: Միևնույն ժամանակ, երբ մի քանի օր անց ամբողջ երկրում սկսվեցին բողոքի ցույցերը, Պեզեշկիանը նախազգուշացրեց, որ նրանք, ովքեր «վիրավորում են գերագույն առաջնորդին», «հասարակության մեջ երկարատև զայրույթից և ատելությունից բացի ոչինչ չեն ստեղծի»:


Այս դիրքորոշումը, գրում է AP-ն, ցույց է տալիս ռեֆորմիստ քաղաքական գործչի երկակի դերը Իրանի աստվածապետության մեջ. նա դրսևորում է փոփոխությունների ցանկություն, բայց երբեք արմատապես մարտահրավեր չի նետում Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից վերահսկվող համակարգին:


Իրանում նախագահը պետության երկրորդ դեմքն է, մինչդեռ պետության ռազմավարությունը որոշում է գերագույն առաջնորդը։ Reuters-ը գրում է, որ Իրանի երկակի կառավարման համակարգի պայմաններում՝ կղերական և հանրապետական, նախագահը չի կարող լուրջ փոփոխությունների հասնել իրանական միջուկային ծրագրի կամ Մերձավոր Արևելքում զինյալ խմբավորումներին աջակցելու քաղաքականության մեջ, քանի որ գերագույն առաջնորդն է բոլոր որոշումները կայացնում կառավարության բարձրագույն խնդիրների վերաբերյալ։


Սակայն նախագահը կարող է ազդել Իրանի քաղաքականության տոնայնության վրա։ Մասնավորապես, նա անմիջական մասնակցություն կունենա Խամենեիի իրավահաջորդի ընտրության հարցում, որն այժմ 85 տարեկան է։

Նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո Պեզեշլիանն ասել է, որ իշխանությունները «կհարգեն հիջաբի մասին օրենքը»։


Նոր նախագահը խոստացել է վերջ տալ Իրանի «մեկուսացմանը» մնացած աշխարհից, ինչպես նաև թուլացնել լարվածությունը Արևմուտքի հետ 2015-ի միջուկային համաձայնագրի վերակենդանացման շուրջ փակուղային բանակցությունների պատճառով, որով Իրանը համաձայնել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ արևմտյան պատժամիջոցների թուլացման դիմաց:


Ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո Պեզեշկիանն ասել է, որ «բարեկամության ձեռքը մեկնելու է բոլորին»։