Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ․ նախագահն ուղերձ է հղել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Պետականությունների ստեղծման և ամրության հիմնաքարային դրույթները շատ չեն և հաճախ հանգում են Անկախության հռչակմանն ու Սահմանադրության ընդունմանը:
Այս տեսանկյունից, ինչպես 1991 սեպտեմբերի 21-ի Անկախության, այնպես էլ 1995 թվականի հուլիսի 5-ի Սահմանադրական հանրաքվեները Հայաստանի ժողովրդի՝ անկախ ինքնիշխան, սոցիալական ու զարգացող պետություն ունենալու հավաքական կամքի արտահայտություններն էին:
Մեր Սահմանադրությունն անցած շուրջ երեք տասնամյակի ընթացքում բազում խոչընդոտներ, փոփոխություններ ու նաև ոտնձգություններ է հաղթահարել և հենց այստեղ է կայանում նաև Սահմանադրության էությունը, որովհետև այն նորմերի կամ սահմանումների, ձևակերպումների և հայտարարությունների համահավաք փաստաթուղթ չէ, այլ պետություն-հասարակություն-քաղաքացի հարաբերությունների ներդաշնակության և համակեցության գրված ու չգրված կանոնները երաշխավորող Մայր օրենք:
Միևնույն ժամանակ Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն ու բազմաբովանդակ գործիք, որը հավասարակշռում է իշխանության թևերի, երկրում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ զարգացումների, հասարակական և քաղաքական անցուդարձի՝ ինչպես ընդունված է ասել, սահմանադրական հունի մեջ մնալը:
Այս առումով Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, և մասնավորապես պետական պաշտոնյաներն իրենց գործունեության մեջ պետք է ելակետ ունենան հենց սահմանադրականության գաղափարը, որը հանդես է գալիս որպես կողմնորոշիչ, որպես ուղեցույց՝ մեր իղձերի ու երազանքների Հայաստանը կերտելու ճանապարհին:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության կարևորագույն տոնի կապակցությամբ, մաղթում տոկունություն և ամրություն, Հայաստանի Հանրապետությանը զարգացում, հզորություն և բարգավաճում»,- ասված է ուղերձում:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողը կապ է հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ․ ՀՀ–ում պետական դավաճանության դեպք է բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Մեզ պետք է նոր Սահմանադրություն․ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով:Ուղերձում ասվում է.«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստան...
Երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, այլ նպատակներ է հետապնդում․ Իրանի դեսպանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Մենք ողջունում ենք այն ջանքերը, որոնք գործադրվում են Հայաստնի ու Ադրբեջանի կողմից խաղաղության հասնելու համար: Մենք դեմ ե...
Ֆրանսիան կպահպանի ՀՀ-ին ռազմական աջակցությունը՝ անկախ ընտրությունների արդյունքներից. Bloomberg
Ֆրանսիան կպահպանի Հայաստանին ռազմական աջակցությունը՝ անկախ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքից։ Այս մասին...