Ի՞նչ կանի ՌԴ–ն, եթե ԱՄՆ-ն հրթիռների համալիրներ տեղակայի այլ երկրներում․ Պուտինը պատասխանել է
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջին և փոքր հեռահարության հրթիռների համակարգերի մշակում և արտադրություն սկսել։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովից հետո ռուսական ԶԼՄ-ների հետ ճեպազրույցի ժամանակ։
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Պուտինը Ռուսաստանում նոր սպառազինության մշակումն անվանել է պատասխան ամերիկյան գործողություններին:
«Եթե հիշում եք, ես ասել եմ, որ այս պայմանագրից (միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիր)Միացյալ Նահանգների դուրս գալու և այն հայտարարության հետ կապված, որ նրանք սկսում են արտադրությունը, մենք նույնպես իրավասու ենք համարում փորձնական-կոնստրուկտորական մշակումներ սկսել, իսկ ապագայում՝ նաև արտադրություն։ Ահա և մենք իրականացնում ենք այդ մշակումները, պատրաստ ենք արտադրություն սկսել։ Մենք մեծ հաշվով համապատասխան առաջադրանքը տվել ենք արդյունաբերությանը»,-ասել է Պուտինը լրագրողներին։
Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ի միջին և փոքր հեռահարության հրթիռների համալիրները (ՄՓՀՀ) հայտնվեն ինչ-որ տեղ, ապա ՌԴ-ն կարող է հայելային գործել:
«Ինչ վերաբերում է տեղակայմանը, ապա եթե վերհիշեք, եթե հիշում եք, ես ասել եմ, որ մենք մորատորիում ենք հայտարարում ապագայում մեր համապատասխան համակարգերի հնարավոր տեղակայման վերաբերյալ, քանի դեռ այդ հրթիռային համալիրներից չեն հայտնվել աշխարհի ինչ-որ տարածաշրջանում։ Եվ եթե ամերիկյան արտադրության միջին և փոքր հեռահարության հրթիռների համալիրներ ինչ-որ տեղ հայտնվեն, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահում հայելային գործել»,-ասել է Պուտինը։
Պուտինը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն քանդել է համաշխարհային կայունության հիմքերը։
«Առաջին բանը, որ ես ուզում եմ նշել, այն է, որ, իրոք, հիմնարար փաստաթղթերը, որոնք ընկած էին միջազգային կայունության և անվտանգության հիմքում, ԱՄՆ ոչնչացրել է»,-նշել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինն ընդգծել է` Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, ամերիկյան կողմից ազդանշաններ լինում են ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին, բայց հետո դրանք կորում են և սկսում են խոսել վերացական թեմաների շուրջ, այնպես որ պետք է սպասել նոր վարչակազմին:
«Եկեք սպասենք նոր վարչակազմի ձևավորմանը և հասկանանք, թե ինչ ծրագրեր ու նախասիրություններ ունեն։ Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել` մենք պատրաստ ենք դրան»,-ասել է Պուտինը:
Վլադիմիր Պուտինը հուլիսի 3-ի առավոտյան մեկնել է Աստանա՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին: Միջոցառումն անցկացվում է «Բազմակողմ երկխոսության ամրապնդում՝ կայուն խաղաղության և զարգացման ձգտում» կարգախոսի ներքո: ՌԴ նախագահը հուլիսի 4-ին մասնակցել է ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և «ՇՀԿ+» ձևաչափով հանդիպմանը: