Չեմ կարծում, որ նախագահը զարթուցիչ կդներ, լուսադեմին կարթնանար և կդիտեր ԱՄՆ-ում բանավեճը. Պեսկով

Անցած գիշեր ԱՄՆ-ում կայացած Ջո Բայդեն-Դոնալդ Թրամփ հեռուստաբանավեճն ու դրա արդյունքները ՌԴ նախագահի օրակարգի հիմնական հարցերի կատեգորիային չեն պատկանում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլ քարռտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասծանելով այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը դիտել է ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճը:


«Չեմ կարծում, որ դուք ակնկալում էիք, որ նախագահը զարթուցիչ կդներ, լուսադեմին կարթնանար և կդիտեր ԱՄՆ-ում բանավեճը», - ասել է Պեսկովը:


Նա հավելել է, որ Կրեմլը կծանոթանա թեկնածուների հայտարարություններին, բայց ընդհանուր առմամբ դա Միացյալ Նահանգների ներքին գործն է։


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի առաջին հեռուստաբանավեճից հետո քննարկվում է Բայդենին այլ թեկնածուով փոխարինելու հնարավորությունը:


Իր ելույթի ընթացքում Բայդենը պարբերաբար լեզվի սայթաքումներ էր թույլ տալիս, նա լուրջ սխալներ չուներ, բայց ինչ-որ պահի նախագահի մտքի թելը կտրվել է, և Թրամփը դա նկատել է:


«Ես իսկապես չգիտեմ, թե նա ինչ ասաց նախադասության վերջում: Եվ ես կարծում եմ, որ նա ընդհանրապես չի էլ հիշում»,- կատակել է ԱՄՆ նախկին նախագահը։


Այս բանավեճից հետո ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունում քննարկում է սկսվել այն մասին, թե արդյոք հնարավոր է Բայդենի թեկնածությունը հանել ընտրություններից և փոխարինել նրան մեկ այլ թեկնածուով։ Դրա համար կպահանջվի անձամբ ԱՄՆ նախագահի համաձայնությունը։


Դեմոկրատական կուսակցության համագումարը, որում վերջնականապես որոշվելու է կուսակցության թեկնածուն, տեղի կունենա օգոստոսին։


Նշենք, որ հեռուստադիտողների 67%-ի կարծիքով՝ հանրապետական թեկնածուն գերազանցել է գործող նախագահին. այս են վկայում CNN-ի հարցման արդյունքները։


Համաձայն դրա արդյունքների՝ հեռուստադիտողների միայն 33%-ն է կարծում, որ Ջո Բայդենն ավելի լավ է հանդես եկել, քան իր մրցակիցը։


CNN-ը նշում է, որ հարցման արդյունքները չեն արտացոլում բոլոր ընտրողների կարծիքը: Ընդ որում, հեռուստաալիքը և նրա լսարանը համարվում են Դեմոկրատական կուսակցության համակիրներ։


Հեռուստաալիքի տվյալներով՝ բանավեճից առաջ ընտրողները (55% ընդդեմ 45%) ասել են, որ ակնկալում են, որ Դոնալդ Թրամփը ավելի լավ հանդես կգա, քան ԱՄՆ ներկայիս նախագահը։

Քաղաքականություն