ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասանժի գործը պաշտոնապես կարճվել է

«WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործը պաշտոնապես կարճվել է ամերիկյան իշխանությունների հետ գործարք կնքելուց հետո։ Նա դատարանի դահլիճից դուրս է եկել որպես ազատ քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։


Նիստը տեղի է ունեցել Հյուսիսային Մարիանյան կղզիների (ԱՄՆ տարածք) դաշնային շրջանային դատարանում (Սայպան կղզում), ուր Ասանժը մեկնել է Լոնդոնից:


Ասանժն իրեն մեղավոր է ճանաչել 18 մեղադրանքներից մեկում՝ լրտեսության մասին օրենքը խախտելու մեջ։ Դրանից հետո դատավոր Ռամոն Մանգլոնը հայտարարել է, որ արդար և ողջամիտ կլինի որպես պատժի ժամկետ հաշվել 62 ամիսը, որը Ասանժն անցկացրել է Լոնդոնի «Բելմարշ» բանտում։


«Դուք կարող եք որպես ազատ քաղաքացի դուրս գալ դատարանի դահլիճից»,– ասել է դատավորը։ Ամերիկյան իշխանությունները հրաժարվել են նաև արտահանձնման մասին իրենց հայցից: Ասանժին պարտավորեցրել են հանձնարարել «WikiLeaks»-ին ոչնչացնել ամերիկյան գաղտնի տվյալները։


Դատավորը լրագրողին մի քանի անգամ հարցրել է, թե արդյոք ինչ-որ մեկը փորձել է վախեցնել նրան, որպեսզի ստիպի գործարք կնքել: Նա պատասխանել է. «Ո՛չ»։ ԱՄՆ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ Ասանժին արգելվում է առանց թույլտվության այցելել ԱՄՆ։


«Դատարանն ընդունել է, որ Ասանժն իր հրապարակումներով ոչ մի վնաս չի պատճառել, դրանք բացառապես լրատվական բնույթ են կրել», հայտարարել է նրա փաստաբան Բարրի Փոլակը։


«WikiLeaks»-ի գործունեությունը կշարունակվի։ Ասանժին դատարանի դիմաց դիմավորել են ծափահարություններով։ Նա արդեն մեկնել է ավստրալիական Կանբերա։ Ըստ ABC–ի` լրագրողը պարտավոր է 520 հազար դոլար փոխհատուցել Լոնդոնից Ավստրալիա չարտերային թռիչքի համար։


Հիշեցնենք` հունիսի 24-ին Լոնդոնի դատարանը որոշեց գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին «Բելմարշ» բանտից, որտեղ նա անցկացրել էր 1901 օր։


Ասանժը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց՝ հիմնելով «WikiLeaks» կայքը, որտեղ հրապարակվել են հարյուրհազարավոր գաղտնի նյութեր, այդ թվում, օրինակ, Բաղդադում ամերիկյան ուղղաթիռի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչների զոհվելու տեսագրությունը:


Ասանժին ԱՄՆ-ում սպառնում էր 175 տարվա ազատազրկում` երկրի պատմության ընթացքում ամենամեծ քանակով գաղտնի տեղեկատվության բացահայտման մեղադրանքով:

Քաղաքականություն