Նոր հնարքներ․ դիմորդի ականջում թաքցված ոսպի հատիկ հիշեցնող ականջակալը մագնիսի միջոցով է հանվել

Այս տարվա ընդունելության քննությունները մտահոգիչ միտումներ են արձանագրել. նկատվում է հայերենի ու հայոց պատմության նկատմամբ հետաքրքրության նվազում։


Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ այս տարի միասնական ընդունելության քննությունների ժամանակ անգլերեն առարկայի համար հայտարագրվել է 5536 դիմորդ, որն ամենամեծ թիվն է հայտերի թվում, երկրորդ տեղում մաթեմատիկան է՝ 4972, երրորդ հորիզոնականում հայոց լեզու առարկան է, որի համար հայտարարագրվել՝ 1320 դիմորդ, նույնքան դիմորդ հայտ է ներկայացրել նաեւ իսկ հայոց պատմության համար։ Ռուսերենի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել 259 դիմորդ, գերմաներենի նկատմամբ՝ 47, ֆրանսերենի՝ 39, իսպաներենի՝ 2, պարսկերեն և իտալերեն քննություն հանձնելու համար հայտեր ընդհանրապես չեն ստացվել։


Վերջին քննական օրը հունիսի 28-ն է, երբ դիմորդները քննություն կհանձնեն պատմություն առարկայից։


«Դիմորդներից որոշներն այս տարի աչքի են ընկել ոչ միայն իրենց գիտելիքներով, այլ նաեւ հնարամտությամբ։ Մասնավորապես՝ կենսաբանություն առարկայի քննության ժամանակ դիմորդներից մեկի ականջից հայտնաբերվել է ոսպի հատիկի մեծության ականջակալ, որի կապը ապահովվելիս է եղել օձիքի մեջ կարված կապի միջոցով», - լրատվամիջոցին ասաց ԳԹԿ մամուլի խոսնակը՝ նշելով, որ ոսպի հատիկ հիշեցնող ականջակալը ականջից դուրս է բերվել մագնիսի միջոցով։


Նրա փոխանցմամբ՝ ընդունելության կազմակերպման այս տարվա նորույթն այն է, որ բուհական միասնական քննության քննական սենյակներ դիմորդներին թույլ են տալիս մուտք գործել միայն մետաղորսիչ սարքերով ստուգվելուց հետո։


Ստուգման վայրում դիմորդները պարտավոր են թողնել բոլոր տեխնիկական միջոցները։


«Բավական հետաքրքիր մտքեր են կիրառում, սանհանգույցում նախօրոք տեղադրում են տեխնիկական միջոցը, երբեմն պատուհանի կողմն են հատուկ նստում ու տեխնիկական միջոցը տեղադրված է լինում պատուհանի կողմից՝ դրսից, սակայն, ԳԹԿ աշխատակիցները տարիների փորձով արդեն միայն դիմորդի պահվածքից կարողանում են հասկանալ»,- ասաց Խաչանուշ Գրիգորյանը։