Բաքուն ու Անկարան մեծ աշխատանք են տանում ռազմարդյունաբերության ոլորտում․ Հասանով
Շուշիի հռչակագրով՝ Ադրբեջանն ու Թուրքիան դաշնակիցներ են, երկու բանակների ինտեգրումը բարձր մակարդակի վրա է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Նա շեշտել է, որ երկու երկրների կառավարման կետերը կապված են միմյանց հետ, համատեղ գործունեություն են ծավալում՝ մեջբերելով նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը՝ «Մեկ ազգ, երկու պետություն և մեկ բռունցք»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ մեծ աշխատանք է տարվում ռազմարդյունաբերության ոլորտում։ Նա տեղեկացրել է, որ շուտով Ադրբեջանում ժամանակակից զինտեխնիկայի կամ դրանց մասերի համատեղ արտադրություն կկազմակերպվի։
Ընդգծելով, որ Թուրքիայի ռազմարդյունաբերությունը սրընթաց զարգացում է ապրել, և խոսքը ոչ միայն «Բայրաքթարի» մասին է՝ Հասանովը շեշտել է, որ Ադրբեջանը նույնպես օգտվում է դրանից և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են բարձր տեմպերով։
Նշենք, որ 2021-ի հունիսին Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ ստորագրեցին։Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: