ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննիչը խաբելով մտել է Արցախի ներկայացուցչություն. փաստաբանը մանրամասնում է

Մեզ ոչ Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան առգրավելու որոշում են ցույց տվել, ոչ էլ տեխնիկական միջոցների գործադրմամբ մեքենան էվակուացնելու որոշում: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը:


Նշենք, որ դրանից քիչ առաջ դիմակավորված հատուկջոկատայինները կոտրեցին Արցախի ներկայացուցչության դարպասները եւ էվակուատորով տարան Արցախի նախագահին սպասարկող մեքենան:


«Ոչ դատարանի որոշում են ցուցադրել, ոչ էս բռնի ուժ կիրառելը որեւէ կերպ հիմնավորել են, ոչ մեզնից թույլտվություն են հարցրել Արցախի ներկայացուցչություն ներխուժելու համար: Ընդամենը քննիչը ներկայանալով Արցախի ներկայացուցչությունում այն անձը, որը գտնվել է այստեղ, հաշվի առնելով քննիչի այստեղ գտնվելու հանգամանքը, նրան ներս է հրավիրել եւ նրան որեւէ կերպ չն պարզաբանել, որ պատրաստվում են բռնի ուժ կիրառելով, դարպասները կոտրելով առգրավել նախագահին սպասարկող ավտոմեքենան:


Խաբեությամբ քննիչը մուտք է գործել Արցախի ներկայացուցչություն, եւ տեղեկանալով, որ այստեղ անվտանգության աշխատակիցը չունի դարպասը բացելու լիազորություն, բացի այդ, դարպասը բացելու տեխնիկական միջոցն իր մոտ չի գտնվում, միանգամից հրավիրել են ոստիկնության հատուկջոկատայիններին, որոնք էլ ջարդել են դարպասները եւ մեքենան տարել էվակուատորով.,-ասաց փաստաբանը:


Նա նկատեց, որ իրենց անգամ չեն ասել, թե ինչ քրեական գործի շրջանակներում են մեքենան տանում եւ ինչ կապ ունի մեքենան այդ գործի հետ:


«Այս ամենը պետք է հրապարակայնացվի, որպեսզի բոլորը իմանան թե ինչ օրի են արժանացնում արցախցիներին»,-հայտարարեց Երիցյանը՝ նշելով, որ կատարվածը հաստատում է Արման Թաթոյանի և Գեղամ Ստեփանյանի հայտարարությունն այն մասին, որ արցախցիների նկատմամբ ուղղակի ճնշումներ են իրականացվում։


Նա հայտնեց, որ վերջին իրադարձությունների համատեքստում որևէ ակնկալիք չունի դատական համակարգից, բայց դա չի նշանակում, որ գործողություներ չեն իրականացվելու և դատական կարգով վիճարկումն այընտրանք չունի։


Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի 7-ին, պարեկները փորձել են ջարդել Արցախի ներկայացուցչության ջարդել դարպասը, որպեսզի կարողանան առգրավել Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան: Այս մասին հայտնել էր Շահրամանյանի փաստաբանը:


«Առանց դատարանի որոշման փորձում են Արցախի հանրապետության ներկայացուցչության մոտից առգրավել մեքենան: Քննիչը, հանդիպելով խոչընդոտների, թողել և հեռացել է մեզ համար անհայտ վայր, այս պահի դրությամբ մեքենան դեռ չի առգրավվել, բայց պարեկային ծառայության աշխատակիցներն են եկել: Մեզ հասած տեղեկություններով, նաև ոստիկանության զորքերն են գալու շուտով»,-ասել է փաստաբանը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ որ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ, հատուկ տարհանման ծառայություն են հրավիրել՝ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան տեղափոխելու նպատակով։