
Խնդիրները կուտակվում են, այդ թվում՝ գլոբալ անվտանգության հետ կապված․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է երկխոսություն վարել ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության հարցերի շուրջ, սակայն դա հնարավոր է միայն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և այլ խնդիրների քննարկման հետ մեկտեղ։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք բաց ենք երկխոսության համար, բայց լայն, համապարփակ երկխոսության, որը կընդգրկի բոլոր հարթությունները, ներառյալ՝ Ուկրաինայի հակամարտությունը, դրան ԱՄՆ-ի ներգրավվածությունը», - հայտարարել է խոսնակը:
Նա վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ից համապատասխան առաջարկների հեղինակները «նեղություն չեն քաշում ուսումնասիրելու Ռուսաստանի դիրքորոշումը, որն արտահայտել է բարձրագույն քաղաքական ղեկավարությունը»։
«Ռուսաստանի նախագահը, խոսելով երկխոսության հեռանկարների մասին, ասաց, որ մենք պատրաստ ենք երկխոսության ԱՄՆ-ի հետ, մենք շահագրգռված ենք ԱՄՆ-ի հետ երկխոսությամբ, բայց միայն համապարփակ կերպով: Չի կարելի կուտակված հարցերից առանձնացնել միայն մեկը», - հայտարարել է Պեսկովը:
Միաժամանակ, նա նաև ընդգծել է․ «Համոզված եմ, որ նման երկխոսությունը շատ պահանջված և անհրաժեշտ է, քանի որ խնդիրները կուտակվում են, այդ թվում՝ գլոբալ անվտանգության հետ կապված»։